Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հիշի հրեական պետության ստեղծման հանգամանքները, որը ի հայտ է եկել ՄԱԿ բանաձեւի հիման վրա։ Այս մասին տեղեկացրել է Le Parisien թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ որոշմամբ, ուստի նա չպետք է վիճարկի կազմակերպության որոշումները»,- Մակրոնի խոսքերը մեջբերել է թերթը։

Թերքը նշել է, որ նախագահն այս հայտարարությունն արել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ իսրայելական գործողությունների (որոնք իրականացվում են Լիբանանում ՄԱԿ Ժամանակավոր ուժերի դիրքերի տեղերում) եւ Իսրայելի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ կանչելու համատեքստում՝ խաղաղապահներին հարվածելու պատճառով։

Մակրոնի հետ Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակը պարզաբանում է տարածել, որը վերնագրված է «Հիշեցում Ֆրանսիայի նախագահին»։  Դրանում ասվում է, որ «Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ բանաձեւի արդյունքում, այլ հանուն անկախության պայքարում, մարտիկների արյան գնով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոսթը կամ փրկվել Ֆրանսիայում Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգից»։