Երեւանում  դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Երկխոսությունը հնարավորություն է տվել մտքեր փոխանակելու Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկումների օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին, դատական բարեփոխումներին, ընտրություններին եւ ընտրական համակարգին, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ազատությանը, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատությանը, ներառյալ քաղաքացիական հասարակության գործունեությանը, խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցեր: Հայաստանի եւ ԵՄ պատվիրակությունները քննարկել են նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Հայաստանը եւ ԵՄ համաձայնել են մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան (Riina Kionka): Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, արդարադատության փոխնախարար Ա. Օրբելյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գ. Կոստանյանը, մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կառավարության աշխատակազմի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչները: