Մյունխենում կայացավ բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի (մինչեւ 16, 18, 20 տարեկանների) Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը: Հայաստանը ոչ մի տարիքային խմբում ներկայացված չէր: News.am-ի թղթակիցը փորձել է պարզել դրա պատճառները Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից:
«Չորս տարվա ընդմիջումից հետո մինչեւ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը ռուսաստանցի ճանաչված մասնագետ Սերգեյ Զոզուլինի գլխավորթյամբ այս տարվա հուլիսին Մակեդոնիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին եւ 23 թիմերի մեջ գրավեց 6-րդ տեղը: Սա աննախադեպ հաջողություն է հայկական բասկետբոլի համար: Նկատեմ, որ Հայաստանի հավաքականը հիմնականում կազմավորված է Ռուսաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայազգի խոստումնալի պատանի բասկետբոլիստներով: Մեր այս հավաքականն իրավունք ուներ հաջորդ տարի մասնակցելու մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, բայց քանի որ թիմի խաղացողների մեծ մասն այդ ժամանակ կլինեն 16-17 տարեկան, նպատակահարմար չգտանք, որ նրանք ասպարեզ դուրս գան իրենցից ավագ բասկետբոլիստների դեմ: Այս հավաքականը 2013 թվականին կմասնակցի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- հայտարարեց Հրաչյա Ռոստոմյանը;
Հայաստանը մտադիր է 2013 թվականին ընդունել կամ մինչեւ 16 տարեկանների, կամ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնության B դիվիզիոնի մրցաշար:
«Հաջորդ տարվա վերջում մենք հայտ կներկայացնենք բասկետբոլի եվրոպական ֆեդերացիա Երեւանում այդ մրցաշարերից մեկն անցկացնելու համար: 16 տարեկանների հավաքականից բացի ունենք նաեւ մինչեւ 14 տարեկանների Հայաստանի հավաքական, որը Արեգ Վաթյանի ղեկավարությամբ պատրաստվում է 2013-ի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մարզավիճակը պահպանելու եւ մրցակցությանը պատրաստ լինելու համար Զոզուլինի գլխավորած թիմը կանոնավոր մարզվում է Սամարայում: Հավաքականի կորիզը կազմում են այդ քաղաքի հայ պատանի բասկետբոլիստները եւ քաղաքի անվան տակ մասնակցում են Ռուսաստանի պատանեկան առաջնությանը: Վաթյանի ղեկավարած թիմը մարզվում է Երեւանում եւ մրցափորձ ձեռք բերելու նպատակով հաշվարկից դուրս մասնակցում է իր տարիքային խմբի Վրաստանի առաջնությանը»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
2012 թվականին եվրոպական առաջնություններում ելույթներ չեն ունենա նաեւ տղամարդկանց եւ կանանց մեծահասակների Հայաստանի հավաքականները:
«Տղամարդկանց հավաքականն առայժմ չի մասնակցի, քանի որ նպատակ ունենք այնտեղ ժամանակի ընթացքում ընդգրկել նշված մինչեւ 18 տարեկանների Հայաստանի հավաքականի խաղացողներին, իսկ կանանց Հայաստանի հավաքականը, որը 2010-ին Երեւանում հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնութան C դիվիզիոնի մրցաշարում, 2013-ին կմասնակցի արդեն B դիվիզիոնի մրցմանը: 2013-ին ակումբային ասպարեզ կվերադառնա նաեւ Երեւանի «Հատիսը», որը նախորդ երկու տարիներին մեծ ուրախություն պարգեւեց մեր երկրպագուներին: Տղամարդկանց ակումբային թիմերի մասին ոչինչ ասել չեմ կարող: Կարծում եմ 2013-ը բեկումնային կլինի հայկական բասկետբոլի համար: Ես հավատում եմ, որ 13-ը հաջողակ թիվ է»,- լավատեսորեն ավարտեց Հրաչյա Ռոստոմյանը:



























