ՀԱԿ-ի անդամ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կտրականապես դեմ է «Լյուստրացիայի մասին» «Ժառանգության» ներկայացրած օրինագծի ընդունմանը, որը ենթադրում է գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ ԿԳԲ-ի կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Այս մասին նա ասաց այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես այդ նախաձեռնությանը դեմ եմ եղել երբ ղեկավարում էի այդ կառույցը, դեմ եմ հիմա, երբ արմատական ընդդիմություն եմ: Դրանով պետականությանը հասցվում է աննկարագրելի հարված: Ավտորիտար երկրում ո՞նց կարելի է նման հարց դնել»,- հայտարարեց նա ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե ինչպես է վերաբերում այդ նախաձեռնությանը:
«Այն երկրների օրինակը, որ բերվում է, օկուպացված են եղել Խորհրդային Միության կողմից, իսկ Հայաստանում խորհրդային իշխանությունը եղել է օրինական, որովհետեւ Դաշնակցությունը պայմանագրով հանձնեց իշխանությունը: Հայաստանում կոմունիստական կուսակցությունն, ի տարբերություն Մերձբալթյան երկրների, օրինական է եղել»,- ասաց նա ու շարունակեց. «Այն ինչ իրենք ուզում են բացել (ԿԳԲ-ի արխիվները-խմբ), ես կարդացել եմ եւ գիտեմ (այդ պահին բոլորը ծիծաղեցին):
Ամեն ինչ անելու եմ, որ այդ օրինագիծը չանցնի: Կան պետական շահեր, անկախ նրանից իշխանություն ես, թե` ընդդիմություն»:
Շահնազարյանն առաջարկեց, այդ օրենքը նախաձեռնողներից երեք հոգու խիստ ստորագրությամբ տանել ցույց տալ այդ արխիվները, «դրանից հետո այլեւս ոչինչ չեն պահանջի»:




























