Երեւանում, դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա միգրացիոն վիճակագրության ճշգրտման եւ թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում:
Քննարկման նպատակն է դիտարկել միգրացիոն տեղեկատվության հավաքագրման ու թարմացման բարելավման խնդիրները միգրացիոն հետազոտություններ իրականացնող սոցիոլոգների եւ ժողովրդագիրների տեսանկյունից: Սա հնարավորություն կընձեռի հավաքագրել առավել ճշգրիտ միգրացիոն վիճակագրական տվյալներ` ապահովելու ավելի նպատակային միգրացիոն կառավարում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆաթրան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը հանդես կգան բացման ելույթով:
Քննարկմանը կմասնակցեն հետազոտողներ, ներկայացուցիչներ Միգրացիոն պետական ծառայությունից եւ պետական այլ կառույցներից, հասարակական եւ միջազգային կազմակերպություններից:



























