Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Մոլդովայի ոստիկանությունը դեպի ընտրատեղամասեր ընտրողների կազմակերպված տեղափոխման դեպքեր է արձանագրել։ Այս մասին ասվում է Prima Sursă կառավարական Telegram ալիքի հաղորդման մեջ։
«Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ընտրողների կազմակերպված տեղափոխումն իրականացվում է ինչպես երկրից դուրս, այնպես էլ Մոլդովայի տարածքում»,- ասվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ ազգային իշխանությունները հետաքննում և ապացույցներ են հավաքում՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից Բելառուս, Ադրբեջան և Թուրքիա ընտրողների օդային փոխադրումների հետ:
«Հորդորում ենք քաղաքացիներին, որոնք նկատում են նման խախտումներ, տեղեկացնել Արտակարգ իրավիճակների միասնական ազգային կենտրոն՝ 112 հեռախոսահամարով: Այս միջոցները ձեռնարկվում են ընտրական գործընթացի ամբողջականությունը պաշտպանելու և ապահովելու․ որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն ազատ, առանց ճնշումների կամ չարդարացված ազդեցության արտահայտվի»,- ասվում է հաղորդման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում ընտրողների կազմակերպված տեղափոխման դեպք է գրանցվել։
Բացի այդ, այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկում են Մերձդնեստրի բնակիչները, ընտրություններն անցկացվում են բարձր ակտիվությամբ՝ այնտեղ հերթեր են գրանցվում։ Որոշ ընտրողներ, մեկնաբանելով քվեարկության գալու իրենց պատճառները, մեջբերում են ռուսամետ սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյի կարգախոսը և ասում, որ իրենք քվեարկում են «հանուն արդարության»։


























