Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Չեչնիայի և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» (ԴԺՀ) միջև «մշակութային և բարեկամական հարաբերությունների» ամրապնդման համար մեդալ է հանձնել իր ավագ դստերը՝ Այշատին։

«Ինձ համար մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է հանրապետության ղեկավարի ձեռքից ստանալ «Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ահմադ-Հաջի Կադիրովի հիշատակի» մեդալը»,- գրել է Այշատ Կադիրովան Instagram-ի իր էջում։

«Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությունը պարզաբանել է, որ մեդալը Կադիրովային շնորհվել է անձնական վաստակի և Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսաստանցի զինվորների ոգին պաշտպանելու համար։

Անցյալ աշնանը Կադիրովը դստերը նշանակել էր Չեչնիայի կառավարության փոխնախագահի պաշտոնում՝ սոցիալական բլոկի գծով։ Մինչև այդ նա զբաղեցրել է տարածաշրջանի մշակույթի նախարարի պաշտոնը։

Ընդհանուր առմամբ, Չեչնիայի կառավարությունում 23 պաշտոններից տասը զբաղեցնում են Կադիրովի հարազատները։ Միայն մայիսին հանրապետության ղեկավարը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար է նշանակել իր 18-ամյա որդուն՝ Ահմադին, իսկ երիտասարդության հարցերի նախարար՝ չորրորդ դստեր՝ Թաբարիկի ամուսնուն՝ 20-ամյա Ռամզան Վիսմուրադովին։

Նրանցից բացի, նախարարական պաշտոններ են զբաղեցնում Ադամ Ալխանովը՝ Չեչնիայի ղեկավարի երրորդ դստեր՝ Առողջապահության նախարարությունը ղեկավարող Խութմատի ամուսինը և Կադիրովի հորաքրոջ ազգական Խոժ-Բաուդի Դաաևը, որը ղեկավարում է կրթության և գիտության նախարարությունը։ Հուլիսին Չեչնիայի ղեկավարի զարմիկ Խամզաթ Կադիրովը նշանակվել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։