Եվրամիությունը պետք է ստեղծի անվտանգության սեփական կազմակերպություն՝ ի հավելումն ՆԱՏՕ-ի, հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան։

«Եվրամիությունը միշտ պետք է ավելի ուժեղ, ավելի հետեւողական եւ արդյունավետ լինի։ Ես նույն բանն եմ ասում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, անվտանգության եւ պաշտպանության միության ստեղծմանը։ Միություն, որը մենք վաղուց պահանջում ենք, որը կլրացներ ՆԱՏՕ-ին եւ չէր մրցակցի դաշինքի հետ»,- ասել է նա El Mundo թերթի հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ Եվրոպան գտնվում է չափազանց անկայուն իրավիճակի եզրին Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Մեթսոլան հայտնել է, որ ԵՄ-ը պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ անկախ ԱՄՆ նախագահի ընտրություններից։

«Հունվարին նոր նախագահ կլինի, նշանակում է՝ նաեւ նոր վարչակազմ։ Կլինեն նաեւ նոր Սենատ եւ նոր Կոնգրես, որոնք մեր գործընկերներն են, երբ բանը հասնում է Ուկրաինայի ֆինանսական օգնության քվեարկությանը։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք աշխատանքը շարունակել միասին»,- նշել է նա։

Հուլիսի կեսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, հայտնել էր, որ մտադիր է առաջնահերթ դարձնել արտաքին սպառնալիքներից ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ապահովումը։

«Առաջիկա հինգ տարիներին մեր աշխատանքը կուղղվի իսկական Եվրոպական պաշտպանական միության ստեղծմանը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ անդամ երկրները իրենք կորոշեն ազգային ռազմական դոկտրինները եւ կընդունեն որոշումներ իրենց զորակազմերի տեղակայման մասին, բայց Եվրոպան «կարող է շատ բան անել ջանքերի աջակցման եւ համակարգման համար պաշտպանական արդյունաբերական բազայի, նորարարությունների եւ միասնական շուկայի ամրապնդման նպատակով»։

Ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին մի քանի տարիներին ի հայտ են եկել «ներդրումների քրոնիկական անբավարարություն եւ միջոցների անարդյունավետ ծախսում ԵՄ ռազմական պոտենցիալի զարգացման ուղղությամբ»։ Նա նշել է, որ միության համատեղ ծախսերը պաշտպանության վրա 2019-2021թթ. ավելացել են միայն 20 տոկոսով, մինչդեռ Չինաստանն ավելացրել է այդ ցուցանիշը 600 տոկոսով, Ռուսաստանը՝ 300։

Այս առնչությամբ նա խոստացել է ստեղծել պաշտպանության գծով եվրահանձնակատարի պաշտոն եւ Եվրոպական պաշտպանական ֆոնդ, որը ներդրումներ կկատարի ծովային, ցամաքային, օդային, տիեզերական ոլորտներում եւ կիբեռանվտանգությունում։