Մեծ Բրիտանիան դեռ չի զգացել Եվրամիությունից դուրս գալու հետեւանքների 60 տոկոսը։ Այս մասին տեղեկացրել է The Independent թերթը՝ հղում կատարելով Գանձապետարանի տնտեսական քարտուղար Թյուլիփ Սիդիկի խոսքերին։

Նա նշել է, որ Brexit-ի հետեւանքների այդ մասը դեռ լիովին չի արտահայտվել։

Սիդիկը նաեւ ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի արտահանման եւ ներմուծման ծավալները արդյունքում 15 տոկոսով ավելի ցածր կլինեն, քան եթե երկիրը մնար ԵՄ-ում։ Ինչպես նշել է պարբերականը, նրա եզրակացությունները հիմնված են Բրիտանիայի բյուջետային պատասխանատվության բյուրոյի (OBR) տվյալների վրա։

2016թ. հունիսի հանրաքվեում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 52 տոկոսը քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին։ 2020թ. հունվարի 31-ին երկիրը հեռացավ ԵՄ-ից 47 տարվա մասնակցությունից հետո, իսկ անցումային շրջանը, որի ընթացքում գործում էին ԵՄ բոլոր կանոնները եւ նորմերը, ավարտվեց դեկտեմբերի 31-ին։ 2021թ. հունվարի 1-ից սկսեց գործել կողմերի միջեւ առեւտրի եւ համագործակցության մասին համաձայնագիրը։