Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կոչ է արել հասկանալ Վալենսիայի հեղեղումներից տուժածների զայրույթը։ Նա այս հայտարարությունն արել է երկրի արեւելյան Պայպորտա քաղաք այցելությունից հետո, որի ընթացքում տեղի բնակիչները նրան ուղեկցողների վրա ցեխ են շպրտել։

«Մենք պետք է այդ մարդկանց հույս տանք, լուծենք արտակարգ դրությունը, բայց նաեւ երաշխավորենք, որ պետությունը ներկա է ամբողջությամբ»,- ասել է միապետը միավորված օպերատիվ-համակարգող կենտրոնում ունեցած ելույթում, որը հրապարակվել է X-ում։

«Պետք է հասկանալ շատերի զայրույթն ու հուսահատությունն այն պատճառով, թե որքան շատ բան է բաժին ընկել նրանց»,- նշել է պետության ղեկավարը։

Մինչ այդ Ֆիլիպ VI-ը կնոջ՝ Լետիսիայի, վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Վալենսիայի ինքնավար շրջանի ղեկավար Կառլոս Մասոնի հետ այցելել էր երկրի արեւելքում հեղեղումներից տուժած շրջաններ։ El Pais թերթի տվյալներով՝ Պայպորտա բնակավայրում տեղի բնակիչները նրանց վրա ցեխ են շպրտել, ինչպես նաեւ բղավել են «Կորեք» եւ «Մարդասպաններ»։ Ստիպված էին այդտեղից տանել վարչապետին, իսկ թագավորի այցն ընդհատել։ Կոտրել են նաեւ Սանչեսի պատվիրակության մեքենաներից մեկի ապակիները։