Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը երկուշաբթի առավոտյան ժամանել է Կիեւ։ Նա Ուկրաինայի մայրաքաղաք է եկել Լեհաստանից, գնացքով։ Այս մասին տեղեկացրել է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում կատարելով Reuters-ին եւ Der Spiegel-ին։
«Պուտինյան պատերազմի մոտ հազար օրվա ընթացքում պատերազմը ցնցել է ուկրաինացիների ամենօրյա կյանքը, բայց ոչ նրանց քաջությունն ու անվտանգ կյանքի հույսն ազատ Ուկրաինայում»,- ասել է Բերբոքը։
Նա հայտնել է, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, քանի որ Կիեւը մտնում է պատերազմի երրորդ ձմեռը, որը սրվում է Հյուսիսային Կորեայի օգնության պատճառով զենքի եւ ռուսական զանգվածային ավիահարվածների տեսքով։
«Մենք դիմակայում ենք այդ դաժանությանը մեր մարդկայնությամբ եւ աջակցությամբ, որպեսզի ուկրաինացիները կարողանան ոչ միայն հաղթահարել ձմեռը, այլեւ որպեսզի նրանց երկիրը կարողանա գոյատեւել։ Որովհետեւ նրանք պաշտպանում են նաեւ մեզ բոլորիս Եվրոպայում»,- ասել է Բերբոքը։
Նա վերջին անգամ Ուկրաինայում է եղել մայիսին։ Բերբոքը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ իր ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիգայի հետ։



























