Մայա Սանդուն ոչ լեգիտիմ նախագահ է, որին ճանաչում են միայն արտերկրի նրա հովանավորներն ու կողմնակիցները։ Մոլդովայի ժողովուրդն իրեն դավաճանված և թալանված է զգում, հայտարարել է Սանդուի վերջին նախագահական ընտրությունների մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Այս համատեքստում Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է նաև.
«Վերջին նախագահական ընտրությունները, հատկապես Մերձդնեստրի տարածաշրջանում և արտերկրի ընտրատեղամասերում քվեարկությունը չի կարելի համարել ժողովրդի կամքի ազատ և ժողովրդավարական արտահայտություն։ Մի շարք երկրներում մենք բախվել ենք ընտրատեղամասերի անհիմն կրճատման, ընտրողների մուտքի արգելափակման, լռության և ընտրությունների օրերին նախընտրական քարոզչության և այլ խախտումների, դրանց թվում՝ կանխամտածված կեղծման, քվեատուփերի անհետացման հարյուրավոր դեպքերի։ Այսպիսով, երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողացել օգտվել ընտրական իրավունքից, ինչով էլ բացատրվում է ձայների վերջնական տարբերությունը։
Միջազգային դիտորդները զեկուցել են իշխանությունների վարչական ռեսուրսների կիրառման, պետական ոլորտի աշխատողների հարկադիր մոբիլիզացիայի և լրատվամիջոցներին՝ թեկնածուների անհավասար հասանելիության դեպքերի մասին:
Նույնիսկ այս պայմաններում Մայա Սանդուն պարտվեց։ Նախագահական ընտրություններում իսկական հաղթանակ տարավ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Նրա օգտին քվեարկել է Մոլդովայի քաղաքացիների 51,19%-ը՝ մարդիկ, ովքեր աշխատում են, թոշակ են ստանում, հարկեր են վճարում, երեխաներ են մեծացնում և ապրում են այստեղ։ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել ներկայիս կառավարության քաղաքականությանը։
Մայա Սանդուն դարձավ «սփյուռքի նախագահ»:
Այսօր պարզ դարձավ, որ Մոլդովայում ՝ առանց ժողովրդավարական երկրներին բնորոշ նախընտրական քարոզարշավի անցկացման նվազագույն կանոնների պահպանման ազատ և արդար ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։
Մեր կուսակցությունը բանակցելու է այլ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ պետական ինստիտուտների ապաքաղաքականացման և նախընտրական քարոզարշավներում հավասար պայմաններ ապահովելու ընդհանուր ռազմավարություն մշակելու շուրջ։
Մոլդովայի բնակիչները վերջնական որոշումը կընդունեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում»։



























