ԱՄՆ ապագա նախագահը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին, որը զարգացման իր ճանապարհն ունի եւ ոչ մեկից կախված չէ։ Այս մասին ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» ծրագրում։
Նա ընդգծել է, որ «Վենեսուելան երբեք կախված չի լինի Հյուսիսից (այսինքն՝ ԱՄՆ-ից)»։ Նա նշել է, որ «նա, ով կգա Սպիտակ տուն, լինի [Դոնալդ] Թրամփը, թե Քամալա [Հարիսը], Վենեսուելայում կտեսնի հեղափոխական, բոլիվարական կառավարություն, բոլիվարցի ժողովուրդ, որի հետ պետք է խոսել լավ ձեւով, երկխոսություն եւ փոխըմբռնում պահել»։
Վենեսուելայի եւ Լատինական Ամերիկայի համար «գլխավորը իր ճանապարհով գնալն է եւ ոչ մեկից կախված չլինելը, ով էլ որ հաղթի» ԱՄՆ ընտրություններում, ավելացրել է նախագահը։
Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելան չի միջամտում ԱՄՆ ներքին գործերին, գնում է զարգացման իր ճանապարհով։ Նա կարծում է, որ «ԱՄՆ-ը իրար է խառնվել», եւ «ամերիկյան հասարակությունը այժմ ոչ մի բանի չի հավատում, ինչը շատ վտանգավոր է», որովհետեւ դա «կարող է հանգեցնել ֆաշիստական փորձերի, պատերազմների»։




























