Մենք ցանկանում ենք տեսնել աշխարհ, որտեղ արժանապատիվ աշխատանքը ոչ թե առավելություն է, այլ հիմնարար իրավունք։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ Բին Թալալ ալ Սաուդը։

Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր է սոցիալական արդարության համար, եւ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կունենան արժանապատիվ աշխատանքի հասանելիություն եւ կներդնեն իրենց ավանդը իրենց համայնքների զարգացման մեջ։

«Մեր ֆոնդը թույլ է տալիս հեշտացնել տարբեր ռեսուրսների հասանելիությունը եւ ստեղծում է տնտեսական հնարավորություններ ողջ տարածաշրջանի համար։

Այսօրվա մարտահրավերները բարդ են, մանկական աշխատանքը շարունակում է խնդիր մնալ, ինչի հետեւանքով երեխաները զրկված են կրթության իրավունքից։ Անհրաժեշտ է վարել այդ իրավունքի իրականացման եւ երեխաներին աղքատությունից դուրս բերելու քաղաքականություն»,- նշել է Սաուդյան Արաբիայի արքայազնը։

Նա նշել է աշխատանքի շուկային կանանց հասանելիության եւ նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանության պայմանների ստեղծման մասին։

Նշենք, որ Աբդուլազիզ Բին Թալալ ալ Սաուդը գլխավորում է Երեխաների զարգացման արաբական խորհուրդը, ղեկավարում բազմաթիվ հումանիտար նախագծեր։