Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը չի ճանաչում նախագահական ընտրություններում Մայա Սանդուի հաղթանակը, կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան՝ նոյեմբերի 3-ին անցկացված քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։ Դրա մասին նոյեմբերի 5-ին Facebook-ի իր էջում հայտնել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը։
Դոդոնը հայտնել է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները և «անխուսափելիորեն քաղաքական և իրավական առումով կվճարեն այդ կեղծիքների համար»։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ, Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունում համոզված են, որ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդրու Ստոյանոգլոն, ոչ թե Սանդուն։
«Ստոյանոգլոն այստեղ՝ Մոլդովայում ապրող քաղաքացիների մեծամասնության կողմից ընտրված նախագահն է։ Սանդուն հաղթեց միայն թվերով և միայն արտաքին աջակցությամբ: Նա բռնի արդյունքի հասավ պետական ռեսուրսների և ինստիտուտների չարաշահումների, ոտնձգությունների, սպառնալիքների, ահաբեկման և բռնապետական օգտագործման միջոցով: Այդ արդյունքը կասկածի տակ է դնում որպես նախագահ Մայա Սանդուի լեգիտիմությունը»,-հայտարարել է Դոդոնը:
«Առաջիկա օրերին սոցիալիստները կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան՝ այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, մասնավորապես, միջազգային դիտորդների կողմից»,- հավելել է Դոդոնը։
Միաժամանակ սոցիալիստը հայտարարել է, որ Մոլդովայի ճակատագիրը կորոշվի 2025 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։




























