Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգիական դիսպանսերում 2010թ. 2750 թմրամոլ է գրանցվել, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան, գլխավոր նարկոդիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմիրճյանը՝ ավելացնելով, որ 2011թ. վիճակագրական տվյալները ամփոփվելու են 2012թ. հունվարին:
Ըստ նրա՝ տարբերվում է թմրամոլության 4 տեսակ՝ ափիոնային թմրամոլություն (ափիոնի, դրա բաղադրության մեջ մտնող ալկալոիդների եւ մորֆիի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն տեսակների չարաշահում, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչների օգտագործումից առաջացած թմրամոլություն եւ թմրադեղերի շարքին դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսեւորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան եւ ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է: Տեղեկացնենք, որ Հայաստանում թմրամիջոցների ներմուծելու լիցենզիա ունի 4 ընկերություն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ 2011թ. 9 ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է հանցագործության 1108 եւ վարչական իրավախախտման 185 դեպք (2010 թ. 9 ամիսների ընթացքում՝ 1152 հանցագործությունների եւ 205 վարչական իրավախախտման դեպք): 2011թ. 9 ամիսների ընթացքում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 470 անձ (2010թ. 9 ամիսներին` 605 անձ), նրանցից 11-ը` կանայք են, 6-ը` անչափահաս, 16-ը` օտարերկրացի (2010թ. 9 ամիսներին` 12-ը կանայք են, 2-ը` անչափահաս եւ 49-ը` օտարերկրացի):




























