ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել ԱՄՆ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մասին, ներառյալ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման առումով, գրում է «Московский Комсомолец»-ը։
Ըստ Պեսկովի՝ Թրամփի հաղթանակին վերաբերող լավատեսությունը, որը կարելի է տեսնել ռուս քաղաքական գործիչների մեկնաբանություններում, միանգամայն հասկանալի է. Թրամփի բավականին կոշտ հայտարարություններին զուգընթաց «եղան նաև հայտարարություններ, որոնք վկայում էին միջազգային ասպարեզում նրա խաղաղարար ձգտումների» և «հին պատերազմների շարունակման և նոր պատերազմների բռնկման պարույրը կտրելու նրա մտադրության մասին»։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ երբ ընտրված նախագահը մտնում է Օվալաձև աշխատասենյակ, «նրա հայտարարությունները երբեմն այլ երանգ են ստանում»։
«Մենք բազմիցս նշել ենք, որ ԱՄՆ-ն ի վիճակի է նպաստել Ուկրաինայի հակամարտության դադարեցմանը»,-հայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ, իհարկե, դա հնարավոր չէ անել մեկ օրում, բայց մի քանի ամսվա ընթացքում դա միանգամայն հնարավոր է։ Դրա համար, ըստ նրա, Վաշինգտոնը պետք է «դադարի կերոսին լցնել և հակամարտություն հրահրել»:
«Բայց դա կարվի՞ և ինչպե՞ս, եթե այո, մենք կտեսնենք հունվարից հետո»,-ընդգծել է Պեսկովը:





























