Ամերիկյան «Կոկա-Կոլա» ընկերությունը 86 տարվա մեջ առաջին անգամ փոխել է գազավորված հայտնի ըմպելիքի գաղտնի բանաձեւի պահպանման վայրը: Կոկա-Կոլայի 1925թ.-ից բանկում պահվող ձեռագիր բաղադրատոմսը կրող պահարանը տեղափոխվել է Ջեորջիա նահանգի Ատլանտա քաղաքի «World of Coca-Cola» թանգարան: Ճիշտ է, այցելուների համար պահարանը փակ է լինելու: Հավանաբար, ամերիկյան թիվ մեկ ըմպելիքի երկրպագուներին լիակատար երջանկության համար բավական է նույնիսկ չհրկիզվող պահարանին նայելը:
Պահարանի տեղափոխությունը, ըստ ընկերության ղեկավարների, «ըմպելիքի ի հայտ գալու 125-ամյակի միջոցառումների գագաթնակետը դարձավ», գրում է Agence France-Presse-ը:
Կոկա-Կոլայի բաղադրատոմսը 1886թ. հայտնագործել է ատլանտացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը: Ամենասկզբից ըմպելիքի բանաձեւը գաղտնի է պահվել եւ միայն բանավոր է փոխանցվել:
1919թ. ընկերության ղեկավար Էռնեստ Վուդրաֆը Նյու Յորքի բանկից վարկ է վերցրել` ֆինանսական հաստատությունում որպես գրավ թողնելով ձեռագիր բանաձեւը: Պարտքի տոկոսները վճարվել են միայն 1925թ., եւ այդ օրվանից բանաձեւը պահվում էր Ատլանտայի SunTrust բանկում, գրում է Lenta.ru-ն:
Ընկերության տվյալների համաձայն` աշխարհի 200 երկրների բնակիչներ տարեկան 1,7 միլիարդ դոլարի Կոկա-Կոլա են գնում:




























