Suzuki-ն ցուցադրել է eVitara էլեկտրական քրոսովերը։ Մինչև վերջերս Suzuki-ն վերջին խոշոր ավտոարտադրողն էր՝ առանց էլեկտրական մոդելի, հայտնում է motor.ru-ն։

Հիմա արդեն ապրանքանիշն էլեկտրական ավտոմեքենա ունի ՝ դա eVitara-ն է, որը մշակվել է հնդկական Maruti Suzuki համատեղ ձեռնարկության աջակցությամբ: Մարտկոցով աշխատող eVitara-ն չի փոխարինի սովորական բենզինային Vitara-ին, այլ կլրացնի նրան, իսկ մոդելը համաշխարհային կարգավիճակ ունի՝ արդեն 2025 թվականին այն Հնդկաստանի, Եվրոպայի և Ճապոնիայի շուկաներ դուրս կգա։

Միակ բանը, որ էլեկտրական քրոսովերը նմանեցնում է վառելիքով աշխատող Vitara-ին, անունն է: Էլեկտրական ավտոմեքենայի դիզայնը ինքնատիպ է և ոգեշնչված 2023 թվականի Suzuki eVX կոնցեպտից. այն ունի հսկայական պլաստիկ երեսպատում շեմերի և կամարների վրա, որոնք մեքենային կոպիտ տեսք են հաղորդում: Vitara-ն նաև նկատելիորեն ավելի մեծ է՝ առանցքների միջև հեռավորությունը 2,7 մետր է՝ սովորական Vitara-ի 2,5 մետրի դիմաց, երկարությունը՝ 4,27 մետր (+9 սանտիմետր), լայնությունը՝ 1,8 մետր (+2,5 սանտիմետր), իսկ բարձրությունը՝ 1,63 մետր (+4 սանտիմետր): Էլեկտրական ավտոմեքենան ունի 180 մմ գետնից բացվածք (-5 սանտիմետր), իսկ անիվների տրամագիծը 18 կամ 19 դյույմ է՝ կախված տարբերակից։

eVitara-ն կառուցված է Heartect-e ճարտարապետության վրա, որը Toyota e-TNGA «սայլակի» պարզեցված տարբերակն է: Հիմնական քրոսովերը առջևի շարժիչ է. առջևի առանցքի միակ էլեկտրական շարժիչը 144 ձիաուժ է արտադրում: Այս փոփոխության մեջ մարտկոցի հզորությունը 49 կվտ/ժամ է, ի դեպ, Suzuki-ի լիթիումի երկաթաֆոսֆատ քարշող մարտկոցները մատակարարում է չինական BYD-ն։ Suzuki-ն լիցքավորման պաշար դեռևս չի տրամադրում. լիցքավորման պաշարը վերաբերում է այն հեռավորությանը, որը ավտոմեքենան կարող է կտրել-անցնել մեկ լրիվ լիցքավորումով կամ վառելիք լցնելով: Այս ցուցանիշը կարևոր է սպառողների համար, քանի որ այն որոշում է ճանապարհորդության հեռավորությունը, որը կարելի է իրականացնել առանց էներգիայի լրացուցիչ լիցքավորման կամ վառելիքի լցավորման անհրաժեշտության:

«Միջին» տարբերակում էլեկտրաշարժիչի հզորությունը հասցվել է 174 ձիաուժի, իսկ մարտկոցի հզորությունը՝ 61 կվտ/ժամի։ Լավագույն eVitara-ն ունի երկու էլեկտրական շարժիչ. 174 ձիաուժ հզորությամբ ագրեգատը առջևում օժանդակվում է հետևի առանցքի վրա գտնվող 65 ձիաուժ հզորությամբ, դրանց առավելագույն հզորությունը 184 ձիաուժ է: Իսկ AllGrip-e լիաքարշակ կառավարման համակարգն ունի արտաճանապարհային Trail ռեժիմ՝ մոդելավորված դիֆերենցիալ արգելափակիչներով:

Suzuki e-Vitara-ն «գրանցվելու» է Հնդկաստանի գործարանում 2025 թվականի սկզբին. այնտեղ էլեկտրական քրոսովերներ կարտադրվեն ոչ միայն տեղական շուկայի, այլև արտահանման համար, իսկ վերջիններս մոտ 50 տոկոս կկազմեն։ Նախնական հաշվարկներով՝ e-Vitara-ն կարժենա 24 հազարից մինչև 35 հազար դոլար։ Մոդելը Եվրոպայում եւ Ճապոնիայում կհայտնվի հաջորդ տարվա կեսին։