Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Մասաո Յոսիդան մահացու հիվանդ է, նրա մոտ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել:
56-ամյա տնօրենը լքել էր իր պաշտոնը դեկտեմբերի 1-ին` հիվանդության պատճառով: Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեռ նոյեմբերին, սակայն հոսպիտալացվելու պատճառների մասին ոչինչ չէր հաղորդվում:
Ատոմակայանների կառավարման TEPCO ընկերությունում հետեւողականորեն պնդում էին, որ Յոսիդայի հիվանդությունը ոչ մի կապ չունի ռադիոակտիվ ճառագայթման հետ:
TEPCO ներկայացուցիչ Մասատո Յամագուտիի խոսքով, ԱԷԿ-ի նախկին տնօրենը ճառագայթման չափաբաժին է ստացել (70 միլիզիվերտ) վթարված ԱԷԿ-ում աշխատանքի ժամանակ:
Համեմատության համար նշենք, որ նախքան «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած վթարը Ճապոնիայում ճառագայթման թույլատրելի սահմանը սովորական մարդկանց համար տարեկան կազմել է 1 միլիզիվերտ, ԱԷԿ-ի աշխատակիցների համար` տարեկան 100 միլիզիվերտ, արտակարգ իրավիճակներում աղետների հետեւնքները վերացնող զինվորականների համար` տարեկան 250 միլիզիվերտ, գրում է The Washington Post-ը:
Ճապոնացի բժիշկներն իրենց հերթին հայտարարել են, որ Յոսիդայի մոտ քաղցկեղը զարգացել է վերջին 5 տարիների ընթացքում եւ նրա հիվանդությունը կապ չունի ԱԷԿ-ի վթարի հետ:
Հիշեցնենք, որ Յոսիդան ղեկավարում էր մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիից հետո վթարի ենթարկված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում աղետի հետեւանքների վերացման աշխատանքները:




























