Մոտ 2000 տարի առաջ Պոմպեյում Վեզուվի ժայթքման զոհերից վերցված հնագույն ԴՆԹ-ն ցույց է տալիս, որ որոշ մարդկանց միջև հարաբերություններն այն չէին, ինչ թվում էին, ասվում է նոր հետազոտության մեջ: Օրինակ՝ ոսկյա ապարանջանով, երեխան ծնկներին մեծահասակը երկար ժամանակ համարվում էր, որ կին է իր երեխայի հետ:
«Սակայն ԴՆԹ-ի նոր վերլուծությունը ցույց է տվել, որ իրականում դրանք չափահաս տղամարդ և երեխա են եղել, որոնք ազգակցական կապ չեն ունեցել», - ասվում է հետազոտության համահեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի պրոֆեսոր Դեյվիդ Ռայխի հայտարարության մեջ։
Նմանօրինակ մեկ այլ բացահայտումը վերաբերել է գրկախառնված զույգին, որոնք համարվում էին կամ քույրեր, կամ մայր ու դուստր, սակայն պարզվել է, որ գենետիկ հատկանիշներից առնվազն մեկը պատկանում է արական սեռի»:
Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Ռայխը և հետազոտողների միջազգային թիմը ուսումնասիրել են հինգ մարդկանց գենետիկան, որոնք զոհվել են մ.թ. 79-ին հրաբխի ժայթքումից, որի հետևանքով մահացել է մոտ 2000 մարդ:
Վեզուվի ժայթքման հետևանքով շրջակա տարածքը ծածկվեց հրաբխային մոխրի, պեմզայի և պիրոկլաստիկ հոսքերի մահաբեր շերտով՝ կենդանի թաղելով մարդկանց և պահպանելով բազմաթիվ մարմինների ուրվագծերը մոխրի քարացած շերտերի տակ:
Քաղաքի մնացորդները վերաբացվեցին միայն 1700-ականներին։ Հաջորդ դարում հնագետ Ջուզեպպե Ֆիորելին կատարելագործեց իր գիպսի տեխնիկան, որի միջոցով նա գիպսով լցրեց մարդկային մարմինների ձևով անցքերը, որոնք առաջացել էին մարմինների քայքայման արդյունքում՝ ստեղծելով զոհերի կաղապարները:
Կաղապարները գիտնականներին թույլ են տվել ուսումնասիրել զոհերին իրենց կյանքի վերջին պահերին և վարկածներ առաջադրել նրանց ինքնության մասին՝ հիմնվելով այնպիսի մանրամասների վրա, ինչպիսիք են նրանց գտնվելու վայրը, դիրքը և հագուստը: Սակայն, այս մոտեցման հետ կապված խնդիրն այն էր, որ նրանց մեկնաբանությունների վրա ազդել էին ժամանակակից ենթադրությունները, օրինակ, որ տան մեջ գտնվող չորս մարդիկ, այդ թվում երեխային գրկած ոսկյա ապարանջանով մեծահասակը երկու ծնողներ են եղել իրենց երեխաների հետ, մինչդեռ իրականում նրանց միջև գենետիկ կապ չի հայտնաբերվել։





























