Ճապոնական դրամահատարանի բյուրոն գնել է 15 արկղեր, որոնցում 500 հազար կերամիկական մետաղադրամ կար: Ավելի վաղ ենթադրում էին, որ ոչնչացվել են, այս մետաղադրամները եզակի հնարավորություն են տալիս ուսումնասիրելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ պատերազմական ժամանակաշրջանի արտադրության գործընթացները, գրում է Interesting Engineering-ը։
Մետաղադրամները 2023 թվականի օգոստոսին հայտնաբերել են Shofu ընկերության ներկայացուցիչները, որոնք անսպասելիորեն գտել են ատամնաբուժական սարքավորումներ պահելու համար նախատեսված պահեստում։ Սովորական խեցեղենի մեջ նրանք գտել են 15 արկղ՝ լցված այս հազվագյուտ մետաղադրամներով։ Այս հայտնագործությունը պատմաբանների և դրամագետների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Մետաղադրամները շուտով կցուցադրվեն դրամահատարանի թանգարանում և նույնիսկ կներկայացվեն թանգարանի Սայտամա և Հիրոսիմայի մասնաճյուղերում:
Ենթադրվում էր, որ տասնամյակներ շարունակ հասարակության տեսադաշտից թաքցված այս «ուրվական մետաղադրամները» ոչնչացվել են պատերազմից հետո։ Նրանց վերագտնումը աներևակայելի արժեքավոր է դարձնում 500 հազար մետաղադրամները, որոնք ներկայում պահվում են ճապոնական դրամահատարանում: Թեև դրանք այլևս դրամական արժեք չունեն, դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր պատմական նմուշներ են ծառայում:
Պատերազմի ժամանակ մետաղը պակասում էր և տրամադրվում էր պատերազմի կարիքների համար, ուստի պաշտոնյաները թույլատրել են Կիոտոյում, Սետոյում և Արիտայում՝ խեցեգործության արդյունաբերության հայտնի կենտրոններում 15 միլիոն կերամիկական մետաղադրամ արտադրել: Սակայն, երբ Ճապոնիան կապիտուլացվեց, այդ մետաղադրամների անհրաժեշտությունը վերացավ, և հրամայվեց ոչնչացնել դրանք:
Բայց ինչ-ինչ հանգամանքներում այդ հազվագյուտ մետաղադրամների տասնհինգ արկղերը փրկվել են, թաքցվել կամ պարզապես մոռացվել:





























