Հրավիրված եւ տեղի բարձրակարգ մասնագետների միջոցով կվերապատրաստվեն շուրջ 60 անասնաբույժներ, որոնք իրենց հերթին խորհրդատվական եւ անանաբուժական ծառայություններ կմատուցեն գյուղացիական տնտեսություներին: Սրա վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ  «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի միջեւ  «Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կենդանիների առողջության կառավարում՚» ծրագրի շրջանակներում այսօր` դեկտեմբերի 9-ին,  ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

NEWS.am-ին Գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն Հայաստանի եւ Վրաստանի անասնաբույժների համատեղ խորհրդակցություններ եւ դասընթացներ, ինչպես նաեւ երկու երկրների պետական, հասարակական եւ մասնավոր հատվածների մասնակցությամբ կոնֆերանսներ` բնագավառի խնդիրների քննարկման եւ լուծումների առաջարկման նպատակով: «Ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն կձեւավորվի երկու բարեկամ երկրների` Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ծրագրի նպատակն է անասնաբուժական ծառայությունների կարողությունների ուժեղացման միջոցով աջակցել Հայաստանի հյուսիսային  (Շիրակի եւ Լոռու մարզեր) եւ Վրաստանի հարավային (Սամցխե - Ջավախեթի եւ Քվեմո – Քարթլի շրջաններ) շրջանների գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ պահվածքի արդյունավետության բարձրացման գործում:

Նշենք, որ 2005 թվականից  «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) լուրջ գործունեություն է ծավալել գյուղատնտեսության ոլորտում` հատկապես անասնապահության ճյուղում: Այս համագործակցությամբ լուրջ աշխատանք կտարվի պետություն – մասնավոր հատված կապի ամրապնդման առումով: