Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ուրբաթ չզանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ դա կնվազեցնի Ռուսաստանի առաջնորդի մեկուսացումը և կերկարաձգի պատերազմը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրին։
Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Շոլցը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր երկու երկրների ղեկավարների միջև առաջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին կոչ է արել բանակցություններ սկսել Կիևի հետ, որը ճանապարհ կհարթի դեպի «արդար և կայուն խաղաղություն»:
Կիևում աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Շոլցը՝ Ուկրաինայի մերձավոր դաշնակիցը, Ռուսաստանի ղեկավարի հետ խոսելու իր ծրագրերի մասին նախապես տեղեկացրել է Զելենսկիին։
«Կանցլերն ասել է մեր նախագահին, որ մտադիր է խոսել Պուտինի հետ։ Նախագահն ասաց, որ դա միայն կօգնի Պուտինին՝ նվազեցնելով նրա մեկուսացումը: Պուտինը իրական խաղաղություն չի ուզում, նա դադար է ուզում. Նրա հետ զրույցը Պուտինին հնարավորություն կտա փոխել իրավիճակը և շարունակել պատերազմը։ Դա խաղաղություն չի բերի, քանի որ Պուտինը պարզապես կկրկնի այն ստերը, որոնք նա ասում էր տարիներ շարունակ՝ տպավորություն թողնելով, որ ինքն այլևս մեկուսացված չէ»,-նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ զրույցը վերաբերել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։




























