Երևանի 146 մանկապարտեզում առկա էր մոտ 3000 կգ հավի կրծքամիս և 850 կգ հավի ազդրամիս։ յս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը:

«ՍԱՏՄ լաբորատորիայի տված եզակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն՝ Լիստերիա մոնոցիտոգենեզ բակտերիայի առկայություն և որոշում է ընդունվել անհապաղ դադարեցներ մսի ողջ խմբաքանակի օգտագործում և համապատասխան վայր տեղափոխել:

Նույն լաբորատորիայում մաներաբանական և զգայաբանական փորձարկման է ներկայացվել սերուցքային կարագի 4 տեսակի փորձանմուշ, որը մատակարարվել էր բոլոր մանկապարտեզներին և հայտնաբերվել է Մեզաֆրիբ այրոբ և Ֆակուլտատիվ անայրոբ մանրեներ, իսկ զգայաբանական ցուցանիշները՝ հոտը, համը, գույնն ընդհանրապես չեն հայմապատասխանել սահմանված չափանիշներին»,-ասաց նա:

Գեւորգյանի խոսքով, այդ կարագից մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում եղել է 2200 կգ և որոշել են հետ հավաքել այդ ողջ խմբաքանակը, որի ճակատագիրը կորոշի աշխատանքային խումբը, և գտնել այլընտրանքային մատակարարում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ասաց. «Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ: Իրականացնում է մանկապարտեզների ենթակառուցվածքների հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակային փոփոխություն: Մեզ համար շատ կարևոր է նաև, թե ինչ սնունդ է մատակարարվում մանկապարտեզներին, այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, ովքեր տարիներ  շարունակն ինչ-որ մի տրամաբանությամբ են գործել և ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել»։

Նա ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ աշխատանքային խումբը մի որոշում ունի կայացնելու՝ այդ սննդի ոչնչացում. «Ուզում եմ այս պահից զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր, որոշում են կայացնում Երևան քաղաքի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակիորեն անթուլատրելի է, որ մեր երեխաներին նման որակի սնունդ մատակարարվի: Եվ սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր տեղի ունեցող գործընթացից, ես խնդրում եմ վերաբերվել պատասխանատու»,- հայտարարեց քաղաքապետը:

Ավինյանը նշեց, որ սա ֆինանսական հետևանքներից բացի այլ հետևանքներ ևս կարող է ունենալ մատակարարների վրա. «Խնդրում եմ վերաբերվել լուրջ, եթե այս գործընթացում, դուք ռիսկ եք տեսնում որակի հետ կապված և ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարողանում ապահովել, ես ձեզ խորհուրդ կտամ ետ կանգնել այս գործընթացներին առհասարակ մասնակցելուց։ Կոչ եմ անում բոլոր այն մատակարարներին, բոլոր այն արտադրողներին, որոնք գիտեն, որ իրենք իրապես որակյալ սնունդ են արտադրում և կարող են մատակարարել, մասնակցել նմանատիպ գործընթացներին, որովհետև ես կարծում եմ մեր առաջնային և ամենակարեւոր նպատակը այն է, որ մեր երեխաներին հասանելի լինի միմիայն որակյալ սնունդ, իսկ անորակ սնունդը այսուհետ միմիայն ոչնչացվելու է և դրան այլընտրանք չկա»,- ընդգծեց քաղաքապետը: