Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մշակել է ճակատի ներկայիս գծով Ուկրաինայում պատերազմի սառեցման իր պլանը, որը նա մտադիր է ներկայացնել նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի երկրների գագաթաժողովում, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Էրդողանի պլանը նախատեսում է Կիեւի համաձայնությունը «որպես զիջում Պուտինին» հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումը առնվազն 10 տարով, տեղեկացրել է DW-ն։

Որպես փոխհատուցում Թուրքիայի նախագահն առաջարկում է Ուկրաինային ապահովել ռազմական տեխնիկայով։ Նա նաեւ առաջարկում է ապառազմականացնել գոտին Դոնբասի արեւելքում եւ այնտեղ տեղակայել միջազգային զորքեր «որպես լրացուցիչ երաշխիք»։

Թուրք պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ընդունել այս առաջարկը, բայց, նրանց կարծիքով, «սա առավել իրատեսական մոտեցումն է»։ Թուրք պաշտոնյաները «կցանկանային հետաձգել բանավեճը զավթված տարածքների ճակատագրի մասին եւ կենտրոնանալ այն բանի վրա, որպեսզի ապահովվի կայուն հրադադար»։

Էրդողանը հուսով է, որ կկարողանա համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մասնակցել բանակցություններին Ստամբուլում, քանի որ Թուրքիայի նախագահը «հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Ուկրաինան կարող է շատ ավելի տարածքներ կորցնել առաջիկա ամիսներին, եթե մարտական գործողությունները չկանգնեցվեն»։