Սեպտեմբերին Երեւանում վնասազերծված բանդայի անդամների հանցագործությունները ապացուցվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Ներսես Նազարյանը` անդրադառնալով սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված բանդայի գործին:

Պարոն Նազարյան, սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով լուրջ կասկածներ կան, որ ոստիկանությունը ճիշտ մարդկանց չի ձերբակալել: Մինչ օրս ձերբակալվածները ոչ միայն իրենց մեղքը չեն ընդունել, այլեւ գողոնը չի հայտնաբերվել, իսկ գողությունները շարունակվում են առանց բացահայտման:

Նման բան չկա: Չկա նման բան: Գողությունները միշտ եղել են եւ շարունակվում են: Ավազակային հարձակումները տարբեր խմբերի կողմից է իրականացվում: Բայց նման ձեռագրով ավազակային հարձակում կատարած բանդա միայն սեպտեմբերի 23-ին ձերբակալվածներն են, եւ իրենց կողմից կատարվածներն էլ ապացուցված են: Իհարկե, նախաքննությունը, քննությունը շարունակվում է եւ ավարտին կհասցվի: Նմանատիպ հանցագործությունները եւ նմանատիպ բանդայի անդամները իհարկե հեշտությամբ չեն ենթարկվում, նման  մարդկանց հետ աշխատելն էլ շատ դժվար է: Հենց  բանդիտիզմ ասվածը ցույց է  տալիս, որ նման հանցախմբերի մեջ կան անդամներ, որոնք մի քանի անգամ դատված են լինում եւ ամեն անգամ դատվելուց հրաժարվելով են դատվում, բայց  դա մեզ չի խանգարում:

Բայց բանդայի պարագլուխներից «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանի եղբայրը` մեզ հետ զրուցյում ասել է, որ իր որդիները` Արամ եւ Արտակ Հայրապետյանները, ովքեր կասկածվում են հանցախմբի հետ առնչություն ունենալու մեջ, շատ հնարավոր է, անմեղ ճանաչվեն եւ ազատ արձակվեն: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը:

Չէ: Դա արդեն քննությունը ցույց կտա: Ես առաջ չեմ ցանկանում անցնել եւ իմ ենթադրություններով ազդել քննության վրա:

Կարելի՞ է ասել, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի հարցում բացառում եք, որ ոստիկանությունը կարող էր վրիպած լինել:

Միանշանակ: Ես կարող եմ դա 100 տոկոսով ասել:

Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից սեպտեմբերի 23-ին վնասազերծված եւ մի շարք պաշտոնյանների բնակարանների գողությունների մեջ կասկածվող  բանդայի հետ առնչություններ ունենալու մեջ կասկածվող երիտասարդների ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել էին, թե ոստիկանությունը մինչ օրս ոչ միայն չի հայտնաբերել գողոնը, այլեւ պաշտոնյաները շարունակում են տուժել ավազակային հարձակումներից: Նրանք նաեւ հայտարարել էին, թե իրենց որդիների անմեղությունն ապացուցելու համար պատրաստ են հասնել մինչեւ Եվրադատարան:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը