Այս տարի գեղարվեստական մարմնամարզության միջազգային պաշտոնական մրցաշարերում Հայաստանը ներկայացրել է միայն Լիլիթ Հարությունյանը, նա էլ բնակվում է Ռուսաստանում: Եվրոպայի առաջնությունում Լիլիթը զբաղեցրել է 47-րդ, իսկ աշխարհի առաջնությունում` 73-րդ տեղը:
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը, գնահատելով 16-ամյա մարզուհու մրցելույթները, News.am-ի թղթակցին ասաց, որ ընդհանուր առմանբ նա վատ հանդես չի եկել. «Եթե հաշվի առնենք, որ Լիլիթը առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, ընդ որում, սպորտի վարպետի ծրագրով, ապա նրա ցույց տված արդյունքները տրամաբանական եմ համարում: Ուրախալին այն է, որ այդ մրցաշարերին մասնակցելուց հետո Լիլիթը շատ է ոգեւորվել եւ աստիճանաբար վստահություն է ձեռք բերում: Մասնավորապես, աշխարհից հետո Լիլիթը մասնակցեց Իտալիայում եւ Ուզբեկստանում անցկացվող միջազգային մրցաշարերին, եւ երկուսում էլ զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Դա արդեն վկայում է նրա առաջընթացի մասին»:
Լիլիթ Հարությունյանը, ով ծնողների հետ ապրում է Նիժնի Նովգորոդում, արդեն սկսել է նախապատրաստվել 2012թ. Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է գալիք մայիսին, հենց Նիժնի Նովգորոդում:



























