Bloomberg գործակալությունը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինությունից ստացել է հաշվետվություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների մասին արտասահմանում։ Bloomberg-ի լրագրողի խնդրանքով հաշվետվությունը մասամբ գաղտնազերծվել է։ Փաստաթղթում թվարկվում են մի շարք նման սպանություններ, որոնք կատարվել են 2006թ.։ Հետախուզությունը կարծում է, որ դրանք կատարվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից եւ արտոնվել անձամբ Պուտինի կողմից, տեղեկացրել է VOA-ն։

Հաշվետվությունում հիշատակված առաջին դեպքը 2004թ. Կատարում ինքնահռչակ Իչկերիայի չեչենական Հանրապետության նախկին ղեկավար Զելիմխան Յանդարբիեւի սպանությունն էր։ Սպանությունը կատարողները՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հետախուզական գլխավոր վարչության աշխատակիցներ Անատոլի Բելաշկովը եւ Վասիլի Բոգաչովը, Կատարի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ բանտարկության, սակայն շուտով հանձնվել են Ռուսաստանին։ Հայրենիքում նրանք պետք է անցկացնեին բանտարկության մնացած ժամկետը, բայց նրանց հետագա ճակատագիրն անհայտ է։ Արդեն 2005թ. Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հայտնել էր, որ չգիտի, թե որտեղ են գտնվում նրանք։

Այնուհետեւ հիշատակվում է Լոնդոնում 2006թ. ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին։ Նա թունավորվել էր ռադիոակտիվ պոլոնիումով եւ մահացել  ճառագայթային հիվանդությունից։ Քննությունը Մեծ Բրիտանիայում սպանության անմիջական կատարող էր նշել Ռուսաստանի Պահպանության գլխավոր վարչության սպա Անդրեյ Լուգովոյին, որը հետագայում դարձավ Պետդումայի պատգամավոր, իսկ սպանությունը ԱԴԾ հատուկ գործողություն անվանվեց։

Որպես ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունք է ներկայացվում 2012թ. Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Պերեպելիչնիի մահը։ Նա համարվում էր կարեւոր իրազեկիչներից մեկը Եվրոպայում ռուսաստանցի պաշտոնյաների կողմից փողերի հնարավոր լցվացման գործում եւ մահացել է նախքան դատարանում վկայություն տալը։ Ամերիկյան հետախուզության փաստաթղթում  հավաստիացվում է, որ նա թունավորվել է, չնայած բրիտանական ոստիկանությունը, որը հետաքննում էր Պերեպելիչնիի մահը, դրա բավականաչափ ապացույցներ չի գտել։

Բացի այդ, փաստաթղթում հիշատակվում է 2015թ. Լուգանսկի անջատողական, «Բեթմեն» ջոկատի հրամանատար Ալեքսանդր Բեդնովի մահվան մասին։ Զրահապատ ավտոբուսը, որի մեջ էր Բեդնովը, գնդակոծվել է զինված մարդկանց կողմից։ Դատախազությունը հայտնել է, որ Բեդնովը եւ նրա ենթակաները հրաժարվել են կատարել ինքնահռչակ «ԼԺՀ»-ի ոստիկանության պահանջները։

Միեւնույն ժամանակ,  «ԼԺՀ» մի շարք ֆունկցիոներներ կարծում են, որ սպանության պատճառը Բեդնովի տարաձայնություններն էին «ԼԺՀ» այն ժամանակվա ղեկավար Իգոր Պլոտնիցկու հետ։ ԱՄՆ հետախուզության փաստաթղթում կարծիք է հայտնվել, որ Բեդնովը եւ Դոնբասի ու Լուգանսկի անջատողականների էլի մի քանի նշանակալի ղեկավարներ սպանվել են Կրեմլի հրամանով, որպեսզի ամրացնեն տարածաշրջանի ռուսական վերահսկողությունը։

ԱՄՆ Ազգային հետախուզության աշխատակիցները հաշվետվությունում նշել են, որ Մոսկվան օգտագործում է հատուկ ծառայություններն արտասահմանում նրանց վնասազերծելու համար, որոնց համարում է  սպառնալիք Կրեմլի ռեժիմի համար եւ որ կան տվյալներ Կրեմլի հանցակցության մասին նաեւ այլ սպանություններում, բայց դրանց մասին տվյալներն այնքան էլ հայտնի չեն։ Փաստաթղթում նշվել է, որ հետախուզության փորձագետների կարծիքով՝ նման սպանություններն ամենայն հավանականությամբ կշարունակվեն նաեւ այսուհետ։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը չի պատասխանել մեկնաբանությունների մասին Bloomberg-ի հարցումներին։

Բրիտանական Buzzfeed News պարբերականի լրագրողները հետաքննել են 14 մահ Մեծ Բրիտանիայում, որոնք, նրանց տեղեկություններով, կարող էին «պատվիրված» լինել ռուսական իշխանությունների կողմից։