Քալիֆորնիայում  «Գրավիր Սան Ֆրանցիսկոն» շարժման վրանային ճամբարի քանդման ընթացքում իրավապահներին չենթարկվելու համար ավելի քան 55 մասնակիցներ են ձերբակալվել:

AP-ի տեղեկացմամբ, ոստիկանական գործողություններից առաջ ակցիայի մասնակիցներին զգուշացրել են վրանային ճամբարը լքելու անհրաժեշտության մասին: Ոստիկանության հրահանգը չկատարողներին ձերբակալել են:

Դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը չեզոքացրել է երկու ամիս առաջ Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում խփած մեկ այլ վրանային «ավան»: Ապամոնտաժվել են 100-ից ավելի վրաններ, շուրջ 50 հոգի ձերբակալվել է: 

Հիշեցնենք, «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը սկսվել էր սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում, այնուհետեւ տարածվել էր ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում` Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Ջերսիում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ եվրոպական երկրներում:

Ցուցարարները բողոքում են գործազրկության, իշխանությունների քաղաքականության եւ ֆինանսական կառույցների դեմ` անվանելով դրանք «ֆինանսական ահաբեկչություն»: