Սերժ Սարգսյանը հանդես եկավ որպես հուզված կուսակցապետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով երկրի նախագահին ուղղված իր բաց նամակին Սերժ Սարգսյանի պատասխանին:
«Նրա պատասխանը դուրս էր հիմնավորումներից։ Սրա մեջ կա վտանգ, որ Սերժ Սարգսյանի Եվրոպայի ժողովրդական կուսակցության ժողովին արված հայտարարությունները զուտ կոսմետիկ ֆրազներ են, որ արտասանվում են Բրյուսելում, բայց չեն կիրառվում հայրենիքում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 4 հայաստանյան կուսակցություններին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»), «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դեռ ոչ մի կուսակցություն չի անդամակցել ԵԺԿ-ին: «ԵԺԿ-ն ինքն է որոշում, թե ով է համապատասխանում։ Հավանաբար, դա կլինի հունվարին։ Կան քաղաքակրթական եւ քաղաքական արժեքներ, եւ կարծում եմ, թե առաջիկա շրջանը հերթական փորձաշրջանն է լինելու դիմորդ կուսակցությունների համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հղել Հայաստանի նախագահին` պահանջելով որոշակի քայլեր կատարել արդար ընտրությունների անցկացումը երաշխավորելու համար: Նա մասնավորապես, առաջարկել էր, որ նախագահն ու գործող մյուս պաշտոնյաները հրաժարվեն բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, դադարեցնեն բուհերի քաղաքականացումը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը արվել է ոչ թե սրտի ցավով, այլ նպատակ ունի վարկաբեկել քաղաքական գործընթացները:




























