Ելույթ ունենալով իր անվտանգության կաբինետի հետ հանդիպումից հետո՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ լիբանանյան հրադադարի համաձայնագիրը կներկայացնի կառավարության վերջնական հաստատմանը, և որ «հրադադարի տևողությունը կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում Լիբանանում», գրում է Times of Israel-ը:

Նեթանյահուն հավելել է, թե ԱՄՆ-ի հետ լիարժեք փոխըմբռնմամբ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ գործողությունների լիակատար ազատություն ենք պահպանում:  

«Եթե «Հըզբոլլահ»-ը խախտի պայմանավորվածությունը և փորձի վերազինվել, մենք հարված կհասցնենք։ Եթե ​​նա փորձի վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքը սահմանի մոտ, մենք կհարվածենք։ Եթե ​​հրթիռ արձակի, թունել փորի, հրթիռներով բեռնատար բերի, մենք հարձակվելու ենք։ Յուրաքանչյուր խախտման ուժով ենք պատասխանելու: Լավ գործարքն այն է, որը այն իրագործվում է, և մենք այն կիրագործենք»,- սպառնացել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն միաժամանակ հայտարարել է, որ այժմ հրադադարին համաձայնելու երեք պատճառ կա: Առաջինը՝ «կենտրոնանալ իրանական սպառնալիքի վրա»։ Երկրորդը՝ զորքերին հանգիստ տալն ու սպառազինությունը համալրելը։

«Զենքի մատակարարմանն առնչվող ուշացումներ են եղել, և երկար ձգձգումներ։ Եվ այս ուշացումը շուտով կլուծվի»,-հայտարարել է նա՝ ակնարկելով Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն։

Երրորդ պատճառը, ըստ նրա՝ հյուսիսային ու հարավային ճակատների տարանջատումն ու ՀԱՄԱՍ-ի մեկուսացումն է: «Առանց «Հըզբոլլահ»-ի մասնակցության ՀԱՄԱՍ-ը միայնակ կմնա այդ արշավում։ Իսկ մեր ճնշումը կուժգնանա»,-եզրափակել է նա։