Միջազգային վարկանիշային Moody’s Investors Service  գործակալությունը նախկինի պես մտադիր է 2012թ. 1-ին  եռամսյակում վերանայել  Եվրամիության բոլոր պետությունների վարկանիշները, հաշվի չառնելով դեկտեմբերի 9-10-ին կայացած գագաթաժողովի արդյունքները:

Այդ մասին նշված է Moody’s-ի այսօր հրապարակած մամլո հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշված է, որ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանի երկրների պարտքի հիմնախնդրի լուծման քիչ գործիքներ են նախատեսում, գրում է rbc-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԵՄ երկրները պայմանավորվել են նոր պայմանագիր կնքել, որով նախատեսվում է համաձայնեցված հարկային եւ բյուջետային քաղաքականության ծրագիրը չկատարող երկրներին պատասխանատվության ենթարկել: Պայմանագրից հրաժարվել էր Մեծ Բրիտանիան` ասելով, որ դա հակասում է իր շահերին: Առայժմ խոսքը սոսկ նախնական համաձայնագրերի մասին է:

«Ըստ էության, կոմյունիկեն քիչ նախաձեռնություններ է պարունակում (պարտքային ճգնաժամը հաղթահարելու առումով), եւ այն չի ազդում մեր դիրքորոշման վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ եվրագոտում իրավիճակի խորացման ռիսկերը շարունակում են աճել:  Քանի դեռ վարկավորման շուկայում պայմանները չեն կայունացել, Եվրամիության երկրները վարկանիշների վերանայման սպառնալիքի տակ կլինեն: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտել 2012թ. 1-ին  եռամսյակում»,- նշվում է  Moody’s-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Moody’s-ը ս/թ. նոյեմբերի 28-ին հայտարարել էր, որ եվրագոտու պարտքային ճգնաժամը վտանգում է արժութային միության բոլոր պետությունների անկախ վարկանիշները:

Դեկտեմբերի 8-ին Եվրամիության բոլոր երկրների վարկանիշի վերանայման եւ հնարավոր իջեցման մասին հայտարարել էր նաեւ այլ վարկանիշային գործակալություն` Standard & Poor’s-ը: