Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Մարտունիի շրջան եւ երկրորդ պաշտպանական շրջանի զինավաններից մեկում մասնակցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն ընդգծել է, որ դպրոցաշինությունը, հատկապես զորամասերում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւոր ուղղություններից մեկն է, եւ պետությունը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին:

Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Մարտունի քաղաքում տեղակայված «Լուսակերտ» ՍՊԸ թռչնաֆաբրիկա եւ ծանոթացել նրա աշխատանքներին:

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ 3-րդ պաշտպանական շրջանում նոր զորամասի բացմանը:

Այնուհետեւ Բակո Սահակյանն ուղեւորվել է Մուշկապատ եւ Հաղորտի գյուղեր, որտեղ հանդիպում է ունեցել բնակչության հետ եւ քննարկել առկա խնդիրները: Նախագահը նշել է, որ առկա ներուժի օպտիմալ օգտագործումը հանդիսանում է բազմաթիվ խնդիրների լուծման գրավականը եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանք` ինչպես տեղական, այնպես էլ շրջանային կառավարման օղակներում:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին մի շարք խնդիրների լուծման կապակցությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: