Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Հայկական մշակութային կենտրոնում, Կալեա Վիկտորիա հաստատության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել դասախոսություն ռումինական տարածքների վիրահայոց ներկայության վերաբերյալ: Պատմական գիտությունների դոկտոր տիկին Ջորջետա Ֆիլիտին եւ Հայր Եզրասը ռումին ունկնդիրներին ներկայացրել են 10-րդ դարից ի վեր ռումինական հողերի վրա հաստատված հայերի պատմությունը, նրանց խոշոր ավանդն երկրի զարգացման գործում մշակութային, հոգեւոր, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի խաղացած յուրահատուկ դերի մասին խոսքով հանդես է եկել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Այնուհետեւ ռումին ունկնդիրներն այցելել են Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Հայոց եկեղեցի, ծանոթացել են Հայոց թանգարանի եւ գրադարանի հետաքրքիր եւ հարուստ նյութերին:
Նշենք, որ Կալեա Վիկտորիա հաստատությունը (Fundatia Calea Victoriei) հիմնվել է 2008թ. եւ ռումին երիտասարդության ու հասուն տարիքի ունկնդիրների համար կազմակերպում է դասախոսություններ եւ մշակութային միջոցառումներ պատմության եւ հումանիտար այլ ոլորտների վերաբերյալ, որտեղ հանդես են գալիս հայտնի գիտնականներ, հետազոտողներ եւ մշակութային ու հանրային գործիչներ:



























