Լեւոն Արոնյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ելույթները վերջին մրցաշարերում` նշելով թիմի համախմբվածությունն ու ընկերական մթնոլորտը.
«Մեր թիմում ընկերությունն իսկական է: Մենք ոչ թե մրցաշարից մրցաշար ենք ընկերություն անում, այլ` ամբողջ կյանքում: Մենք հարգում եւ սիրում ենք միմյանց, իսկ դա արդեն հաջողության կեսն է»:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անհաջողության վերաբերյալ Լեւոն Արոնյանն ասել է.
«Շարունակում ենք այդ մասին մտածել, քանի որ Հայաստանի հավաքականը մեզ համար շատ կարեւոր է: Մենք շատ համերաշխ թիմ ենք: Եվրոպայի առաջնության վերջին տուրի Գերմանիայի հետ խաղում հնարավոր է, որ ես հոգեբանական տեսանկյունից սխալ թույլ տվեցի: Սակայն, երբ դու սեւ ֆիգուրներով համաձայնում ես ոչ ոքի խաղալ` թիմակիցներդ կարող են ներշնչվել` տեսնելով, որ մրցակցի լավագույն խաղացողը չօգտագործեց սպիտակ գույնը: Դա շատ բարդ հարց է, բայց քանի որ մեր թիմը պարտվեց, նշանակում է, որ իմ որոշումը ճիշտ չի եղել: Բայց մրցամարտի ժամանակ նախապես կանխագուշակել շատ դժվար է»,- ria.ru-ի հետ զրույցում ասել է Լեւոն Արոնյանը:



























