Նյութը պատրաստվել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածներ և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում։

Սովորական տուն՝ բնակիչների համար անսովոր ճակատագրով

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից Լեռնիկ Սաֆարյանի տունն ընդարձակ հողամասում է։ Տուն տանող տասնյակ աստիճաններ և պատշգամբ կա։

«Համեցե՛ք, նստե՛ք»,- հյուրերին հրավիրում է Լեռնիկը։ Տունը լցված է փոքր երեխաների ներկայությամբ ուղեկցվող բուրմունքով, ձեռուցիչի վրա մանկական հագուստ է չորանում:

Լեռնիկն ու կինը՝ Մարիան նոյեմբերի 6-ին որդի են ունեցել։ Ծնողները տղային կնքել են Արեն անունով։ Երեխան ծնվել է Արտամարմնային բեղմնավորման միջոցով՝ մահացածների և անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու պետական ​​ծրագրի շրջանակում։

Մեզ բախտ չվիճակվեց հանդիպելու տանտիրոջն ու նորածինին. ամուսինները հարգում  են ավանդույթները (մինչև երեխայի 40 օրականը լրանալը կողմնակի անձնինք երեխային չպետք է տեսնեն):

Արենն ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ որդին՝ Արման Սաֆարյանը, անհայտ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրուդի շրջանում։ Ամուսնական զույգն ունի նաև ամուսնացած դուստր և երկու թոռնուհի։

Փոքրիկ Արենի հայտնվելը

Զրույցը սկսում ենք նորածնի մասին հարցերով: «Մենք շատ գոհ ենք բժիշկների վերաբերմունքից՝ ինչպես ծննդաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Առողջապահության նախարարն անգամ անձամբ է մեզ շնորհավորել»,-ասում է Լեռնիկ Սաֆարյանը։ Արենի հայտնվելն առաջին իսկ փորձից չհաջողվեց, բայց ծնողները հաստատակամ էին, և մի քանի պրոցեդուրաներից հետո վերջապես լսեցին երկար սպասված լուրը։ «Մի քանի տարի հետո մենք անպայման կփորձենք ևս մեկ տղա ունենալ»,- իր ծրագրերի մասին է պատմում Լեռնիկը։ Հիմա Լեռնիկը 58 տարեկան է, Մարիան՝ 45։

Ընտանիքի հայրը ներկայում տեղի դպրոցում պահակ է աշխատում, Մարիան խնամում է նորածին և չի աշխատում։ Լեռնիկն առաջվա պես ի վիճակի չէ դաշտում աշխատել՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես: «Ամեն ինչ հիշեցնում էր Արմանին, ամեն քար ու թուփ, ախր Արմանը միշտ օգնում էր ինձ դաշտում»։

Պետությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Վերջին անգամ նման որոշում ընդունվել է հոկտեմբերին: 

ԿԽՄԿ պատվիրակության աջակցությամբ Սաֆարյանը փոքր անասնաբուծական բիզնես ունի։

Պաշտոնյաները

Ըստ երկրի օրենսդրության՝ ընտանիքում երրորդ երեխայի հայտնվելու դեպքում ծնողները լրացուցիչ ֆինանսական օգնության իրավունք ունեն։ «Դիմել ենք, մերժում ենք ստացել։ Բացատրության մեջ հղում է արվում օրենքին, որտեղ «բացառությամբ» բաժնում նշվում են անհայտ կորածների ընտանիքները։ Այսինքն՝ պաշտոնյաները, մեզնից հրաժարվելով հանդերձ, իրենց նեղություն չեն տվել մանրամասն ծանոթանալու օրենքի դրույթներին»,-պատմում է Լեռնիկ Սաֆարյանը։ Նա արդեն բողոքարկել է որոշումը, սակայն դեռ պատասխան չկա։

Առհասարակ, պաշտոնյաների անհիմն մերժումները համատարած խնդիր են, ասում է Լեռնիկը։ Տղամարդու խոսքով՝ իրենց գյուղում մարտական ​​գործողությունների ժամանակ վիրավորներին մերժելու նման մի քանի օրինակ կա:

Անհայտ կորածը

Անհետանալու պահին Արման Սաֆարյանի տասնութը նոր էր լրացել։ Երիտասարդը հասցրել էր ծառայել ընդամենը մեկուկես ամիս։

Հայրը սիրով մեզ ցույց է տալիս որդու լուսանկարները. «Ահա, տեսեք: Լուսանկարները ծառայության սկզբում, իսկ մեկ ամիս անց: Երկու տարբեր մարդկանց պես, տղաս տեղնուտեղը առնական դարձավ։

Մենք աներևակայելի ուրախ ենք Արենի ծննդյան կապակցությամբ, իսկ Արմանի տեղը մեզ համար անփոխարինելի է։ Մենք չենք փորձում «փոխարինել» կամ «լրացնել», մենք սիրում ենք յուրաքանչյուր երեխայի յուրովի: Այնուամենայնիվ, մեզ մոտ ինչ-որ բան փոխվել է, հանուն ինչ-որ մեկի համար ապրելու անհրաժեշտություն է ծագել»։

Ի՞նչ են զգում անհայտ կորածների հարազատները

Վախենալով դիպչել նուրբ լարերին՝ այնուամենայնիվ հարցնում ենք՝ ինչ են զգում անհայտ կորածների հարազատները։

«Այն, ինչ նրանք զգում են, շատ դժվար է նկարագրել: Կհասկանան միայն նրանք, ովքեր նման վիշտ են վերապրել։ Տան ամեն մի անկյուն որդուս է հիշեցնում։ Հույսը չի մեռել, հրաշքներ պատահում են»,- ասում է Լեռնիկ Սաֆարյանը։ Անհայտ կորածների հարազատները հանդիպում են, զրուցում, կիսվում փորձով, ընդհանուր վիշտը նրանց ավելի է մտերմացրել։

Փոքր-ինչ նրբանկատության մասին

Լեռնիկը բարի խոսքով անդարդարձավ նրբանկատ հարևաններին: «Մեր հարևաններն Ամանորին միշտ շատ գեղեցիկ են զարդարել իրենց տան պատուհանները։ Բայց այս չորս տարին նրանք իրենց թույլ չեն տվել ոչ մի զարդարանք տնից դուրս, իսկ երեխաները մոռացել են ճայթուկների մասին...»:

Պաշտպանության նախարարությունը պետք է մտածի

«Մենք պետությանը տվել ենք ամենաթանկը՝ մեր զվակներին։ Եվ այս անտանելի ցավը տևում է ավելի քան չորս տարի։ Բայց տարօրինակն այն է, որ ՊՆ-ն չէր էլ մտածում, որ մեր անհայտ կորած երեխաներն էլ են արժանի մրցանակների։ Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս անհայտ կորել են, իսկ հայրենիքը չգիտես ինչու մոռացել է դրա մասին։ Մենք փող չենք խնդրում, մենք վերաբերմունք ենք պահանջում: Կարևորը ոչ թե փողն է, այլ՝ վերաբերմունքը»,- ասում է անհայտ կորած Արման Սաֆարյանի հայրը։

Արմանի ծրագրերն ու խոնարհված ընկուզենին

Շքամուտքում Լեռնիկը հաղորդակից է դարձնում Արմանի մտահղացումներին։ «Տղաս ուզում էր շինանյութի բիզնես սկսել և նկուղն օգտագործել որպես սառնարան։ Մենք շատ մեծ նկուղ ունենք ։ Այգու հողամասն էլ է ընդարձակ։ Արենը կմեծանա, կօգնի։

Ճանապարհին տեսնո՞ւմ եք խոնարհված ընկուզենի։ Ախր մի ժամանակ սլացիկ ծառ էր: Արմանի անհետանալուց հետո ծառը խոնարհվեց»։

Մարիամ Լևինա