2011 թվականին դարձյալ Հայաստանի առաջնության Բարձրագույն խումբ տեղափոխված Երեւանի Արարատը չափազանց անհաջող հանդես եկավ մրցաշարում եւ գրավեց վերջին` 8-րդ տեղը:
Առաջին խաղաշրջանում արարատցիները վաստակեցին 2 միավոր: Երկրորդ շրջանում թիմը տարավ երկու հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի եւ բարելավեց մրցաշարային գործերը: Թվում էր, թե Արարատն աստիճանաբար դուրս է գալիս խաղային ճգնաժամից, սակայն առաջնության երկրորդ կեսը թիմը էլ ավելի վատ անցկացրեց. 42 հնարավորից վաստակեց ընդամենը 1 միավոր, ընդ որում վերջին 12 խաղերում թիմը կրեց նույնքան պարտություն:
Արարատի փոխնախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, News.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց մրցաշրջան-2011-ի արդյունքերը:
«Արարատի ելույթները չստացվեցին նախեւառաջ մարզչական անկայունության հետեւանքով: Տարվա սկզբին գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը թիմին չէր մարզել այնպես, ինչպես որ պետք էր: Ֆուտբոլիստները, փաստորեն, պատրաստ չէին նոր մրցաշրջանին, շատերը վնասվածքներ ունեին: Մենք սկսեցինք նոր գլխավոր մարզիչ փնտրել: Համաձայնության եկանք Սամվել Դարբինյանի հետ, սակայն նա էլ որոշ ժամանակ անց հեռացավ թիմից: Վերջում անձամբ սկսեցի պատրաստել խաղացողներին: Առաջնության երկրորդ կեսում մենք, հիմնականում, մտածում էինք հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու մասին, տակտիկական փորձարկումներ էինք անում, աշխատում էինք գտնել լավագույն տարբերակը: Մրցաշրջանի վերջում Արարատն ընդհանուր առմամբ վատ խաղ չէր ցուցադրում, սակայն զգացվեց մեր հիմնական դարպասապահ Ժերուի բացակայությունը, որը հրաժարվում էր խաղալ: Նրան փոխարինող դարպասապահները հաճախ անհարկի գոլեր էինք բաց թողնում, եւ մեզ չէր հաջողվում միավոր վաստակել»,- նշեց Արկադի Անդրեասյանը:



























