Էներգետիկ ըմպելիքները վտանգ են ներկայացնում երեխաների համար, ուստի դրանց վաճառքը մինչեւ 18 տարեկաններին պետք է արգելել։ Այս մասին Ազգային ժողովում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 3-ին ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններն ուղղված են մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանմանը, էներգետիկ ըմպելիքներ օգտագործում է դեռահասների մոտ 40 տոկոսը։ Չնայած դրանց ազդեցությունը առողջության վրա մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, դրանց մշտական օգտագործումը բացասական հետեւանքներ է ունենում։ ԱՀԿ հանձնարարականների համաձայն՝ այդ ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար։ Որոշ երկրներ արդեն սահմանափակել են դրանց վաճառքը եւ գովազդը, մենք նույնպես պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Ղազարյանը։

Նախագիծն առաջարկում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց։ Բացի այդ, առաջարկվում է արգելել նման ըմպելիքների իրացումը ավտոմատ սարքերով։ Նախատեսվում է նաեւ սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը։

«Պետք է սահմանել վարչական պատասխանատվություն այս պահանջների խախտման համար»,- ընդգծել է պատգամավորը։

Օրենսդրական փաթեթը վերաբերում է ոչ միայն էներգետիկ ըմպելիքներին, այլեւ լրացնում է օրենսդրական բացերը ալկոհոլային խմիչքների վաճառքի հարցում։

Ղազարյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ սահմանվել է վարչական պատասխանատվություն ալկոհոլային խմիչքների վաճառքի համար մինչեւ 18 տարեկան անձանց, սակայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում սահմանված չէ ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելք անչափահասներին։

Նշենք, որ ըդդիմությունը չի մասնակցել այս հարցի քննարկմանը։