Մեքսիկայում ձերբակալվել է «Զետաս» նարկոկարտելի հիմնադիր եւ ղեկավար Ռաուլ Ֆերնանդեսը` «El Lucky» (Հաջողակ) մականունով: Այդ մասին տեղեկացրել է Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը`Twitter.com-ի իր միկրոբլոգում:
Նախագահը գրել է, որ նարկոբարոնը բռնվել է Պուեբլա, Օախակա եւ Վերակրուս նահանգներում ռազմածովային ուժերի իրականացրած գործողությունների շնորհիվ:
Ֆերնանդեսը Մեքսիկայի 37 ամենաորոնվող հանցագործներից էր: Reuters-ը նշում է, որ նրան բռնելու համար 15 մլն պեսո պարգեւավճար էին խոստացել (ԱՄՆ մեկ մլն դոլարից ավելի):
«Զետաս» նարկոկարտելը հիմնադրվել է 1990-ական թվականներին, նրա կազմում մեքսիկական բանակի վերնախավային ստորաբաժանումների նախկին զինվորներ են: Այն երկրի ամենավտանգավոր եւ դաժան ավազակախմբերից է: Այդ խմբավորմանն է վերագրվում 2011թ. օգոստոսին Մոնտերեյի խաղատան վրա կատարած հարձակումը, որի արդյունքում 52 մարդ է զոհվել:
Associated Press-ը տեղեկացնում է, որ մեքսիկացի զինվորները Տեխասի սահմանամերձ Վալլե Հերմոսո քաղաքի փոխհրաձգության ընթացքում 11 թմրավաճառների են սպանել:




























