Վերջին 2 օրերին միջազգային շուկաներում տեղի է ունեցել ոսկու եւ եվրոյի գնանկում: Փոխարենը թանկանում է դոլարը: Այսպես` Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում դեկտեմբերի 12-ին ոսկու 1 ունցիայի գինն իջել է 1700 դոլարից ցած` հասնելով այս տարվա հոկտեմբերի 25-ից հետո իր նվազագույն արժեքին: Այսօր եւս ոսկին շարունակել է էժանանալ, եւ բորսայում գնանշվել է 1650-1670 դոլար/ունցիա միջակայքում:
Փորձագետների կարծիքով` ոսկու էժանացումը հետեւանք է այն մտահոգությունների, որ Չինաստանն ու Հնդկաստանը, հանդիսանալով ոսկերչության խոշորագույն կենտրոններ, կնվազեցնեն ոսկու գնումները: Նշենք, որ այդ 2 երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ոսկերչական արտադրանքի 55 %-ը:
Երկուշաբթի տեղի է ունեցել նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում: Եվրոյի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ իջել է մինչեւ 1.3187: Դա պայմանավորված է Moody`s-ի եւ Fitch-ի հայտարարություններով: Երկուշաբթի Moody`s-ը հայտարարեց, թե կվերանայի Եվրամիության անդամ պետությունների սուվերեն վարկանիշերը նվազեցման ուղղությամբ, այդպիսով` անվստահություն դրսեւորելով դեկտեմբերի 9-ին կայացած ԵՄ գագաթաժողովի արդյունքների նկատմամբ: Moody`s-ի վերլուծաբանները նշել են, որ ԵՄ գագաթաժողովում կոնկրետ քայլեր չեն մատնանշված, ինչը կարճաժամկետ հեռանկարում պահպանում է եվրոյի գոտու խոցելիությունը:
Սակայն ասյօր` դեկտեմբերի 13-ին ֆինանսական շուկաներում եվրոն կայունացել է, եւ նույնիսկ փոքր-ինչ թանկացել: Ներկայում եվրոն գնանշվում է 1.3192 դոլարի սահմաններում, չի բացառվում, որ կհաղթահարի 1.32-ի մակարդակը:



























