Մարդկանց խմբերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո կիրակի օրն անարգել շրջել են նրա պալատում՝ սենյակից սենյակ անցնելով, լուսանկարվելով, իսկ ոմանք կահույքի կամ զարդարանքի առարկաներ են յուրացրել, հաղորդում է Reuters-ը:
Լրատվամիջոցը, վկայաբերելով իր տրամադրության տակ եղած կադրերը, հայտնում է, որ նախագահական պալատում «երեխաներ էին վազվզում», ինչ-որ տղամարդիկ ճամպրուկներ ու նրբագեղ աթոռներ էին տանում։
Խորդանոցի պահարանները թալանված էին, հատակին իրեր էին թափված։
Մեկ այլ՝ Մուհաջիր պալատից ստացված տեսանյութում, որը հաստատվել է Reuters-ի կողմից, երևում է, թե ինչպես են տղամարդկանց և կանանց խմբերը բարձր փայտե դռներով անցնում և քայլում սպիտակ մարմարե հատակի վրայով: Տղամարդու ձեռքին ծաղկաման կար, իսկ բացված դռներով մեծ պահարանը դատարկ էր։
Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։




























