Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է նոր կառուցվող շենքերի սեյսմակայունության խնդրին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերականգնվող եւ ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգեր կիրառելու վերաբերյալ առաջարկներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի նշված համակարգերի կիրառումն ապահովող համալիր միջոցառումները եւ Երեւանի այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որտեղ անհրաժեշտ են նման աշխատանքներ: Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ բուհերում «Շենքերի եւ կառուցվածքների սեյսմամեկուսացում» մասնագիտությամբ կադրերի պատրաստման հարցին:
Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման եւ մեքենաշինության հիմնախնդիրների ռազմավարական ծրագրի մշակմանը՝ խորհուրդն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարներին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել եւ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել վերը նշված ռազմավարական ծրագիրը, ինչպես նաեւ մեքենայացման եւ մեքենաշինության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները:
Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հաղորդումը փոքր եւ միջին քիմիայի զարգացման ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Խորհուրդը քննարկել է նաեւ առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգային հարցերի շրջանակը:




























