Գյումրիում, այսօր` դեկտեմբերի 13-ին, բողոքի են դուրս եկել քաղաքի «Ծածկած շուկա» կոչվող տարածքի առեւտրականները, որոնք հիմնականում զբաղվում են մրգերի ու բանջարեղենի վաճառքով: Շուրջ 80 վաճառողի սպառնում է  տարածքից վտարում: Խնդիրն այն է, որ այսօր առավոտյան շուկայի սեփականատերը հանդիպելով առեւտրականների հետ տեղյակ է պահել, որ  շուկան փակվում է,  քանի որ  հարկերը շատ են, եւ իրենք աշխատում են վնասով:

«Սա մեր ապրուստի միակ միջոցն է, որից եթե զրկվենք, ստիպված կլինենք դիմել ծայրահեղ քայլերի: Նոր տարուց 20 օր առաջ փորձում են փակել մեր միակ աշխատատեղը, մեր ապրուստի միակ աղբյուրը»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է առեւտրական Զավեն Եսայանը, ով արդեն 10 տարուց ավելի զբաղվում է միրգ ու բանջարեղեն վաճառելով:

Նրա խոսքով, «Ծածկած շուկայում» աշխատող բոլոր վաճառողներն էլ սոցիալապես խիստ կարիքավոր են, եւ շուկան նրանց եկամտի միակ աղբյուրն է: «Նոր տարին մեր երեխաների գլխին հարամ են անում, մենք ամբողջ տարին կանգում ենք, բայց էս մի քանի օրը պիտի երկու կոպեկ աշխատեինք, չեն թողնում, հարամում են: Մենք էլ իրենց Նոր տարին ենք հարամելու: Էս ազիզ օրով մի ակցիա կանենք, որ բոլորն իմանան, թե ինչ է նշանակում ուրիշի էրեխայի քթից բերել»,-դժգոհել է 60-ամյա Ելենա Կիրակոսյանը: Նրա կողքին կանգնած մանդարին վաճառող 30-ամյա Սամվել Ղազարյանի խոսքով, «ուղղակի դրդում են, որ իրենք գնան հանցագործություն անեն: «Իմ երեխաները Ձմեռ պապիկին են սպասում, իսկ սրանք նոր օյիններ են պատրաստում: Ընտանիքով, երեխեքովս կգնամ կառավարություն, կասեմ հերիք չի տնակում եմ ապրում, հերիք չի փայտ եմ վառում, հերիք չի բարձրագույն կրթությամբ շուկայում եմ կանգնում, սա էլ եք հարամ անում»,-ասել է նա:

Առեւտրականների խոսքով, եթե խնդիրը սեղմ ժամկետում լուծում չստանա, իրենք ստիպված են լինելու լքել Հայաստանը:

Նշենք, որ առեւտրականները շարժվել են դեպի Գյումրիի քաղաքապետարան, սակայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունել նրանց: Առեւտրականների պահանջը հետեւյալն է. կամ հատկացնել նոր վայր, որտեղ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը, կամ թույլատրել, որպեսզի շարունակեն աշխատել նույն տարածքում: