Գրեթե 40 տարի առաջ կրկնակի սպանության համար դատապարտված անձը, որը արդեն 20 տարի անցկացրել է բանտում, արդարացվել է ԴՆԹ անալիզի շնորհիվ: Իսկ դրանից 3 տարի անց նույն սպանությունների համար ձերբակալվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի մի բնակիչ, հաղորդում է USA Today-ը:
Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն երկուշաբթի հայտարարել է 61-ամյա Էրիկ Քրիստենսեն Սպարեի ձերբակալության մասին, որը մեղադրվում է մահապատժի երկու հոդվածներով և դաժան հարձակման մեջ՝ կապված 1985 թվականին եկեղեցում ամուսնական զույգի՝ Հարոլդ և Թելմա Սուեյնների սպանության հետ: Սպարը մի քանի տարի շարունակ հետաքննության առարկա է դարձել այն բանից հետո, երբ դատավորը հանել է բոլոր մեղադրանքները սպանությունների համար ի սկզբանե դատապարտված Դենիս Փերիի վրայից:
1985 թվականի գարնանը մի տղամարդ մտել է Ջորջիայի բապտիստական եկեղեցի, կրակել և սպանել Հարոլդ Սուեյնին և նրա կնոջը՝ Թելմային: Վկաներն այն ժամանակ ներկայացրել են նկարագրություններ, որոնք օգտագործվել են մարդասպանի ուրվագիծը կերտելու համար, և մի ակնոց, որը հայտնաբերվել է հանցանքի վայրում և ոչ մեկին չի պատկանել: Այս մասին հայտնել է Georgia Innocence Project-ը, որի աշխատանքի շնորհիվ էլ արդարացվել է Փերին 2021 թվականին:
2000 թվականին Փերին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նրան ճանաչել է ոստիկանությանը տեղեկություններ հաղորդողը և դրա համար ստացել 12000 դոլար պարգևատրում: Փերին դատապարտվել է 2003 թվականին՝ մի քանի ցմահ բանտարկության:
Հանցագործության վայրում թողնված ակնոցից հայտնաբերված ԴՆԹ-ի նմուշները չեն համընկել Փերիի ԴՆԹ-ի հետ, բայց համընկել են Georgia Innocence Project-ի ներկայացրած նմուշի հետ, որը նա ստացել էր Սպարի հարազատից:
2020 թվականին Փերիի դատավճիռը չեղարկվել է, և գործը վերաբացվել է Ջորջիայի հետաքննության բյուրոյի կողմից։ Փերին ազատ է արձակվել բանտից և ի վերջո ազատվել է բոլոր մեղադրանքներից 2021 թվականին։ Սպարը ձերբակալվել է Ջորջիա նահանգի Ուեյնսվիլ քաղաքում և փակվել Քեմդեն շրջանի բանտում:





























