Դեկտեմբերի 13-ին բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, վերջին տվյալներով, 123 մարդ վիրավորվել է: Նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ոչ պաշտոնական տվյալներով`6 մարդ զոհվել է, այդ թվում` ահաբեկիչը:  Le Soir թերթը տեղեկացնում է, որ տեղում մահացել են 15 եւ 17-ամյա պատանիներ, իսկ 75-ամյա կինը մահացել է հիվանդանոցում: Ավելի ուշ բժիշկները հայտնել են մեկ տարեկան երեխայի եւ 20-ամյա երիտասարդի մահվան մասին, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Ինչպես տեղեկացնում են քաղաքային իշխանությունները, 33-ամյա Նորդին Ամրանին միայնակ է գործել: Վերջերս ոստիկանությունը նրան խուզարկել էր մարիխուանա պահելու կասկածանքով, բայց փոխարենը զենք էր հայտնաբերել: 2008թ. Ամրանին մարիխուանա աճեցնելու համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն 2010թ. հոկտեմբերին նրան ժամկետից շուտ պայմանական ազատ էին արձակել:

Տեղի ունեցածի մասին ճշտված տեղեկատվություն առայժմ չկա: Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ անցորդների վրա կրակելը եւ նռնակների պայթյունն առնչություն չունեն ո'չ կազմակերպված ահաբեկչության, ո'չ էլ ինչ-որ դատական գործընթացի հետ: Le Soir-ը տեղեկացնում է, որ Ամրանին ինքնասպան է եղել:

Լյեժ են ժամանել Բելգիայի ներքին գործերի նախարարը, որը ստիպված է եղել ընդհատել ԵՄ մակարդակով անցկացվող բանակցությունները, ինչպես նաեւ Ալբերտ II թագավորը, թագուհի Պաոլան եւ վերջերս ընտրված վարչապետ Էլիո դը Ռուպոն:

Քաղաքապետարանի աշխատակիցը AFP-ին պատմել է, որ քաղաքի ամբողջ կենտրոնը շրջափակված է ոստիկաններով: Ահաբեկչության վայրից ոչ հեռու պետք է ամանորյա տոնավաճառ բացվեր, բայց վատ եղանակի պատճառով քաղաքապետը հետաձգել էր այն: Եթե տոնավաճառը բացված լիներ, զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, ահաբեկչությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ի ցերեկը Լյեժ քաղաքի կենտրոնի ավտոբուսային կանգառում: Ահաբեկիչը նռնակներ է պայթեցրել, ինչպես նաեւ կրակոցներ է արձակել Կալաշնիկով ինքնաձիգից: