Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) իր Կառավարման խորհրդի նիստում 0,25 տոկոսային կետով նվազեցրել է եվրոգոտու բոլոր երեք հիմնական տոկոսադրույքները։ Հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդման մեջ նշվում է, որ ավանդի տոկոսադրույքը դեկտեմբերի 18-ից կկազմի 3%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը` 3,15%, իսկ մարժային վարկերի տոկոսադրույքը` 3,4%:
Սա տոկոսադրույքների չորրորդ իջեցումն է հունիսից ի վեր, երբ ԵԿԲ-ն սկսեց դրամավարկային քաղաքականության աստիճանական մեղմացման ցիկլը՝ եվրոգոտում արժեզրկման տեմպերի դանդաղման պայմաններում, հայտնում է DW-ն։
Բանկի խորհուրդը նախատեսում է արժեզրկումը եվրոգոտում կայունացնել 2% մակարդակի վրա: Ակնկալվում է, որ 2024 թվականի վերջին այն կկազմի 2,4 տոկոս։ Ընդ որում, նոյեմբերին բազային արժեզրկունը կազմել է 2,3%։
Հունիսի սկզբին Եվրոպական կենտրոնական բանկը 2019 թվականից առաջին անգամ նվազեցրել էր հիմնական տոկոսադրույքը եվրոգոտում 4,5%-ից մինչև 4,25% տարեկան։ Այն ժամանակ այդ մեղմացումը դրամավարկային քաղաքականության առաջին նման քայլն էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամից հետո:
Եվս երկու նվազեցում է հաջորդել սեպտեմբերին և հոկտեմբերին։





























