Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո ստիպված կլինի «թոշակի անցնել»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Georgia News պորտալը։
«Սալոմե Զուրաբիշվիլին, ցավոք սրտի, հատկապես վերջին երեք տարիներին փորձել է վնասել մեր երկրի ազգային շահերին։ Սա տխուր երևույթ է, երբ նախագահն ուղղակիորեն հակադրվում է սեփական երկրի ազգային շահերին, թեև, փառք Աստծո, Վրաստանը եղել և մնում է խորհրդարանական հանրապետություն։ Ըստ այդմ՝ նախագահը մեր երկրում շատ բան չի կարողացել փչացնել։ Դեկտեմբերի 29-ին վերջապես կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը, և, իհարկե, նա ստիպված կլինի թոշակի անցնել»,- ասել է Կոբախիձեն։
Վիճահարույց ընտրություններից հետո ստեղծված խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին։ Առաջին անգամ նախագահը կընտրվի ընտրական կոլեգիայի կողմից, այլ ոչ ուղղակի քաղաքացիների կողմից: Այդ պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացված Միխեիլ Կավելաշվիլին է։ Ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին և չի առաջադրել իր թեկնածուներին։
Կավելաշվիլիի երդմնակալությունն արդեն նախատեսված է դեկտեմբերի 29-ին։





























