Թեյլորի սիրած 33 կարատանոց ադամանդե քարով մատանին վաճառվել է ավելի քան 8,8 մլն դոլարով:

Сhristie`s  աճուրդում Էլիզաբեթ Թեյլորի զարդերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 120 մլն դոլար:

Հիշեցնենք, աճուրդի գլխավոր լոտը La Peregrina-ն (Թափառող մարգարիտ) էր`  11,8 մլն դոլար:

Թեյլորի սիրած 33 կարատանոց ադամանդե քարով մատանին վաճառվել է ավելի քան 8,8 մլն դոլարով:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, XX դարում մատանին պատկանել է ֆաշիստական Գերմանիային զենք մատակարարող գերմանացի արդյունաբերող  Ալֆրեդ Կրուպի կնոջը `Վերա Կրուպին: Բարտոնն այն գնել է 1968թ. նյույորքյան աճուրդում` 307 հազար դոլարով:

 Ոսկե շրջանակով սրտաձեւ «Թաջ Մահալ»  հարթ ադամանդը, որը Բարտոնը նվիրել է Թեյլորի 40-ամյակին, գնվել է 8,8 մլն դոլարով:

BVLGARY խոշոր ադամանդներով եւ զմրուխտներով վզնոցը վաճառվել է 6,1  մլն դոլարով:  Նույն կոմպլեկտի կրծքազարդը վաճառվել է գրեթե 6,6  միլիոնով, 200 հազար դոլար գնահատված ականջօղերը գնվել են 3 մլն դոլարով ավելի բարձր գնով` սպասելիքները գերազանցելով առավել քան 10 անգամ: Աճուրդին 80 լոտ էր ներկայացվել:

Մասնագետների խոսքով` զարդերն անթերի որակ ունեն, բայց դրանց բարձր գինը ավելի շատ դերասանուհու անվամբ է պայմանավորված:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան աճուրդը քառօրյա  աճուրդների սկիզբն ազդարարեց, որտեղ վաճառքի են հանվելու Թեյլորի զարդերի, հագուստների եւ աքսեսուարների հավաքածուները: Երեկոյան աճուրդից հետո այսօր` դեկտեմբերի 14-ին, կկայանան ցերեկային աճուրդներ, որոնցում 189 լոտ ներկայացված կլինի:

Christie`s-ի ներկայացուցիչները ակնկալում են, որ աճուրդներից 50 միլիոն դոլարից ոչ պակաս գումար կհավաքվի: Ստացված եկամուտների մի մասը կհատկացվի  դերասանուհու` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին:

Հիշեցնենք, Էլիզաբեթ Թեյլորը հայկական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, լավագույն կանացի դերի համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Կլեոպատրա» ֆիլմը, որտեղ նա եգիպտական լեգենդար թագուհու կերպարով է հանդես եկել:  Է. Թեյլորը մահացել է 2011թ. մարտի վերջին, 79 տարեկան հասակում: