Իսրայելի իշխանությունները կրկին բացել են Երուսաղեմի գլխավոր մզկիթ ալ-Աքսայի ճանապարհը` Մուղրաբի փայտե կամրջի միջոցով, որը փլուզման վտանգի տակ լինելու պատճառով փակվել էր:
Իսրայելի իշխանությունները որոշել են Լացի պատը Տաճարի լեռան համալիրի հետ միավորող կամուրջը չփոխարինել, այլ միայն ամրացնել, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ կամուրջը փակել էին անտառային հրդեհների վտանգի պատճառով, որոնք կարող էին հասնել փայտե կառույցին: Իշխանությունները զգուշանում էին, որ Մուղրաբի կամուրջը կարող է փլվել եւ վնասել Լացի պատի կանանց հատվածի հավատացյալներին:
Սակայն ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները կամրջի փակվելը համարել էին ագրեսիայի եւ մահմեդական սրբատեղիների դեմ կրոնական պատերազմ սկսելու նշան: Իսլամիստները արաբներին եւ մահմեդականներին կոչ էին արել «սիոնիստական վարչակարգի» գործողություններին պատասխան հարված հասցնել:
Մահմեդական համայնքների առաջնորդների կարծիքով` Մուղրաբի կամուրջը քանդելու Իսրայելի փորձերը կարող են վատ անդրադառնալ Տաճարի լեռան վրա:
Բացի այդ, մահմեդականները պնդում են, որպեսզի կամրջի վերանորոգման կամ վերակառուցման աշխատանքները վաքֆի (Իսլամի գույքային օրենսդրության), պահանջներին համապատասխան իրականացվեն, տեղեկացնում է Agence France-Presse-ը:




























